Ղարաբաղյան հակամարտության գոտում այսօր՝ ապրիլի 5-ին, ժամը 12-ից հարաբերական հանգիստ է հաստատվել: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԼՂՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Արցախյան բանակը համապատասխան գործողություններով խեղճացրել է հակառակորդի ակտիվությունը՝ վերադարձնելով կորցրած դիրքերը»,-իր հերթին նշել է «Արցախպրեսը»:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդն այս գիշեր կիրառել է «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ՝ շարունակելով խաղաղ բնակավայրերի եւ մարտական հենակետերի հրետակոծությունները, անօդաչու թռչող սարքերի ակտիվ կիրառումը շփման գծի ամբողջ երկայնքով։ Սարքերից մեկը ՊԲ-ի կողմից ոչնչացվել է։

Արցախի Մարտակերտի շրջանում հակառակորդի կողմից ապրիլի 4-ին  կամավորակնների ավտոբուսի ռմբակոծման հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Զոհվածների մեջ են նաեւ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի ղեկավար Մայիս Միրզոյանը և Ախլաթյան համայնքի ղեկավար Արմեն Բեգլարյանը: 

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ եւս հայտարարել է, որ հավատարիմ է իր որդեգրած մարտավարությանը եւ երբեք քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ չի կրակում:

Այնինչ ադրբեջանական կողմը բացի Մարտակերտի եւ շրջակա գյուղերի հրետակոծությունից, երեկ արկակոծել է նաեւ Մարտունի բնակավայրը:

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան լարվածության աճ է արձանագրվել նաեւ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում` Տավուշի մարզի Բերդավան եւ Կոթի բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը հայ դիրքապահների եւ բնակավայրերի ուղղությամբ կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, 60 եւ 82մմ-ոց ականանետեր:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի ակտիվությունը ճնշվել է:

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունը, թե իբր ադրբեջանական ուժերը գրավել են Մատաղիսը։ Բաքվի հայտարարությունը որակելով հերթական էժանագին քարոզչական հնարք՝ «առաջնագծում կրած մեծաքանակ կորուստները պարտակելու, սեփական բարոյալքված բանակի մարտական ոգին ինչ-որ կերպ բարձրացնելու համար»:

Ադրբեջանական կողմը, խախտելով միջազգային հումանիտար բոլոր նորմերը, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը եւ իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողներին: Ապրիլի 4-ին հակառակորդը ռմբակոծել է մի խումբ լրագրողների տեղափոխող մեքենաները:

Հակառակորդը թիրախ է ընտրել Մատաղիսի դիրքերից վերադարձող լրագրողների մեքենաները, որոնցից մեկում եղել է նաեւ NEWS.am-ի հատուկ թղթակիցը: Նրա խոսքով, ադրբեջանական արկը ընկել է մեքենաներից 20-30 մետր հեռավորության վրա: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը սպառնացել է հրթիռային հարված հասցնել Ստեփանակերտին։ Բանակին հրաման է տրվել պատրաստ լինել Արցախի մայրաքաղաքին հրթիռային հարված հասցնելուն։ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին զգուշացրել է Ադբրեջանի այդ հայտարարության մասին։

«Այս կապակցությամբ Տոնոյանը զգուշացրել է Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի...»,- Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Արցախի ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը CNN-ի եթերում մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը «օկուպացված տարածքների» մասին: Միրզոյանը ամերիկյան միջազգային հեռուստաալիքի լսարանին հիշեցրել է, որ 25 տարի առաջ Ղարաբաղի բնակչությունը քվեարկել է անկախության օգտին, իսկ Բաքվի ռեժիմը փորձում է մարդկանց ճնշել ոչ միայն դիվանագիտական, այլեւ, առաջին հերթին ռազմական ճանապարհով, ինչը վտանգավոր զարգացում է: Միրզոյանը ընդգծել է, որ Ղարաբաղը հանդես է գալիս հակամարտության դիվանագիտական կարգավորման օգտին, ինչը երկու ժողովուրդներին հնարավորության կտա գոյակցել տարածաշրջանում:

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մարկ Թոները հայտարարել է, որ Վաշինգտոնը սատարում է միջնորդների ջանքերը՝ «ղարաբաղյան հակամարտության արդար եւ ազնիվ կարգավորման հասնելու ուղղությամբ՝ հիմնված միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, մասնավորապես՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների վրա»:

Ադրբեջանը հուսահատորեն փորձում է վերականգնել վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի կամ, ծայրահեղ դեպքում, հարակից յոթ շրջանների նկատմամբ, գրում է International Crisis Group-ը՝ ավելացնելով, որ Միջազգային հանրությունը պատրաստ չէ համարժեք արձագանք տալ Լեռնային Ղարաբաղում ապրիլի 1-ին սկսված ծանր պայքարին։ Ադրբեջանը նախորդ տասնամյակում ռազմական ծախսերն ավելացրել է ավելի քան 20 անգամ: Սակայն Հայկական ուժերը պահպանում են վերահսկողությունը ռազմավարական նշանակության բարձունքների եւ Լեռնային Ղարաբաղի շրջակայքի նկատմամբ, ինչը հայկական կողմին մեծ առավելություն է տալիս։ Ադրբեջանը շատ տուժեց նավթի գների անկումից եւ արժույթի արժեզրկումից, բողոքի ակցիաներ եղան, շարքային քաղաքացիների շրջանում դժգոհությունն աճեց: Կառավարությունը կարող է ժողովրդին «դրոշին աջակցելու» շուրջ համախմբելու կարիք զգալ: Բաքվում նաեւ ավելի ու ավելի քիչ են հավատում, որ դիվանագիտական լուծումներն արդյունք կտան։ Ապրիլի 5-ին Մինսկի խումբը հավաքվելու է՝ լարվածության թուլացումը քննարկելու, եւ առաջնահերթությունը կլինի բռնության դադարեցումը։

Ամերիկահայ աստղերը միացել են քարոզչական պայքարին։ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում հայոց բանակի հաղթական լուսանկար է տեղադրել, տանկով ու ուղղաթիռներով, հայոց եռագույնով։ Քարդաշյանը գրել է, որ «Աղոթում է Հայաստանում ապրող յուրաքանչյուրի եւ աշխարհի բոլոր մարդկանց համար»: Հիշեցնենք, որ ամերիկյան ռեալիթի շոուի աստղը Ինստագրամում ունի 66 միլիոն հետեւորդ։

«Աղոթենք Հայաստանի համար: Աղոթենք խաղաղության համար։ Աղոթենք աշխարհի համար։ Թող Աստված լսի մեր աղոթքները»,- Facebook- ում գրել է Քլոե Քարդաշյանը, նրան միացել է նաեւ Քորթնի Քարդաշյանը։

SOAD աշխարհահռչակ ռոքի խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը ակնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կրթության բացերը: «Կարծում եմ՝ Էրդողանը պատմություն չի կարդում: Պատմականորեն Ղարաբաղը պատկանում է հայերին, Ստալինը այն Ադրբեջանին էր տվել: Արեւելյան Թուրքիան եւս մի օր կվերադառնա իր օրինական տերերին: Իսկ Էրդողանը ապուշ է, նրա կողքին կանգնողները կամ նրան աջակցողները եւս ապուշ են»,- գրել  է Թանկյանը Facebook-ի իր էջում:

Monte Melkonyan Cyber Army խմբի անդամները կոտրել են ադրբեջանական ցանցը եւ  համացանցում տեղադրել են Ադրբեջանի 25 հազար զինվորականների տվյալները: