News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Յուրաքանչյուր մարդ իրավասու է գրել իր հրաժարականի պատճառն այնպես, ինչպես նպատակահարմար է համարում: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք հիմնավոր է համարում ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի այն պատճառաբանությունը, որ հրաժարականի դիմում է ներկայացնում, քանի որ պանամական օֆշորների մասին հրապարակումներում իր անունը արծածվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին:

«Ես համարում եմ, որ դա իր կողմից հրաժարականի  պատճառաբանություն էր: Ով ներկայացնում է հրաժարական ու փաստարկում է դա այս կամ այն կերպ, ես պետք է դա ընդունեմ եւ վերաբերվեմ դրան որպես փաստի»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը, որ եթե հրաժարականի պատճառը միայն այն է, ինչ նշել է, ապա ինչու են ուսումնասիրություններ կատարվում նրա վերաբերյալ եղած հրապարակումների վերաբերյալ, նախարարն արձագանքեց. «Անձը տարանջատել է, իր հրաժարականի հիմքում դրել է որոշակի պատճառաբանություն: Իսկ կոնկրետ այն հրապարակումները, որ եղել են իր հետ կապված, քննություն է կատարվում»:

Արփինե Հովհաննիսյանը հորդորեց սպասել քննության ավարտին:

Հարցին՝ ինքը գոհ էր ԴԱՀԿ աշխատանքից, նախարարը պատասխանեց, որ ցանկացած հարցում կարող են լինել թերություններ եւ դրանց հետ կապված ինքն իր իրավասությունների շրջանակում համապատասխան գործողություններ ձեռնարկել է, երբ ստացել է քաղաքացիների դժգոհությունները:

«Իսկ քաղաքացիների մոտ ԴԱՀԿ-ից դժգոհությունների բարձր տոկոսը ես համարում եմ ինչ-որ առումով արդարացված: ԴԱՀԿ-ն ապահովող ծառայությունն իր բնույթով յուրաքանչյուր երկրում գործ ունի շատ տհաճ գործառույթի հետ: Այսինքն յուրաքանչյուր ծառայություն, որ պետական հարկադրանք է կիրառում, երբեւէ չի կարող գոհունակություն հարուցել իր ֆունկցիաների տեսանկյունից հատկապես Հայաստանի քաղաքացիների շրջանում՝ նկատի ունենալով երկրի սոցիալական վիճակը»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 18-ին: Նա դիմումում նշել էր, որ հայկական եւ միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ է եկել նաեւ իր անունը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ընտանիքի կողքին, ինքն անընդունելի է համարում ու  հրաժարականի դիմում է ներկայացնում զբաղեցրած պաշտոնից:

Նրա եւ նրա մերձավոր ազգականներին պատկանող, Պանամայում գրանցված օֆշորային ընկերությունների վերաբերյալ ICIJ-ի հրապարակումներում տեղ գտած փաստաթղթերն ուսումնասիրվում են, ընթանում է քննություն եւ նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ