News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 7-ին, ընդունել է արգենտինահայ մի խումբ բարերարների, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ համագործակցությամբ շուրջ ութ տարի Հայաստանում բարեգործական ծրագրեր են իրականացնում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտ 3.5 միլիոն ԱՄՆ դոլար:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հանրապետության նախագահը ողջունել է հյուրերին, բարձր գնահատել նրանց հայրենանվեր գործունեությունը եւ մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել անցած տարիների ընթացքում բարերարների կողմից տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների համար:

Սերժ Սարգսյանը ջերմությամբ է հիշել 2014թ. հուլիսին Արգենտինա կատարած իր պաշտոնական այցը, նշելով, որ այդ ընթացքում առիթ ունեցավ ականատես լինելու, թե Արգենտինայում հայության նկատմամբ որքան մեծ հարգանք կա, եւ ինչ բարձր համբավ են նրանք վայելում այդ երկրում: Այդ ամենը, ըստ Նախագահի, ոգեւորության եւ հպարտության զգացում են առաջացնում, իսկ Բուենոս Այրեսի Արմենիա փողոցը, նրա համոզմամբ, հայության կազմակերպվածության իսկական օրինակ կարող է ծառայել աշխարհի շատ հայ համայնքների համար:

Հանրապետության նախագահը կարեւորել է Հայաստանի անկախացումից ի վեր արգենտինահայերի ներդրումը նաեւ Հայրենիքի զարգացման ու հզորացման գործում: Նկատի առնելով, որ հանդիպմանը ներկա բարերարները տարբեր ոլորտներում հաջողությունների հասած հայտնի գործարարներ են՝ նախագահը նրանց հետ քննարկել է մեր երկրի տնտեսության համար հեռանկարային ոլորտներում գործարարների կողմից ձեռնարկություններ հիմնելու հնարավորությունը, որը նոր աշխատատեղերի բացման, երկրի տնտեսության մեջ ներդրումների ներգրավման տեսանկյունից մեծապես օգտակար կլինի ինչպես պետությանը, այնպես էլ գործարարներին:

Արգենտինահայ բարերարները գոհունակությամբ են արձանագրել, որ Հայաստան իրենց այցելությունների ընթացքում տարեցտարի դրական փոփոխություններ են նկատում, եւ իրենք եւս մտորում են բարերարությունից աստիճանաբար անցնելու տարբեր ոլորտներում ներդրումների իրականացնելունը: Այս ուղղությամբ ՀՀ Նախագահի հետ անկեղծ քննարկումներն արգենտինահայ համայնքի ներկայացուցիչները ոգեւորիչ եւ օգտակար են համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ