News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Հայաստանի սահմանամերձ գյուղերում, ինչպես ամբողջ հանրապետությունում, սեպտեմբերի 1-ին նշում են Գիտելիքի օրը: Ինչ-որ մեկի համար դա դպրոցում առաջին օրն է, ուրիշների համար էլ` վերջին ուսումնական տարվա առաջին օրը: Սահմանամերձ գյուղերն իրենց առանձնահատկություններն ունեն (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցները եղել են Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում եւ հաճույքով մասնակցել Այգեպար գյուղի դպրոցում «առաջին զանգին»: Հատկանշական է, որ այս գյուղում միայն երկու աշակերտ է գնացել առաջին դասարան` երկվորյակներ Արշակ եւ Արտակ Անիկյանները:  Իմիջիայլոց, փոքրիկների հայրը` Արման Անիկյանը նույն դպրոցի շրջանավարտ է:

Երկվորյակների մոր` Հերմինեի խոսքով, երեխաներն ամբողջ ամառ երազել են, թե երբ են վերջապես դպրոց գնալու: Երկվորյակների փոքր եղբայրը` չորսամյա Արամը հետաքրքրությամբ հետեւում է եւ  ձգվում դեպի դպրոցական պայուսակը: 

«Առաջին զանգին» ուղեկցող ուրախ ոգեւորությունը չեն մթագնել նույնիսկ ադրբեջանական դիրքերի կողմից պարբերաբար հնչող կրակոցները: 

«Ուսուցիչներին ի սրտե համբերություն եմ մաղթում, իսկ երեխաներին` նոր գիտելիքներ: Մեր գյուղին խաղաղություն եմ մաղթում», - երեխաներին եւ չափահասներին ողջունել է դպրոցի տնօրեն Արեւ Արզումանյանը: Հատ-հատ կրակոցների շարունակվող ձայների տակ անցնում է ուսման մեջ լավագույն արդյունք ցույց տված երեխաների պարգեւատրման արարողությունը. դպրոցի   48 աշակերտից 7-ը գերազանցիկներ են: Արարողությունից հետո տնօրենը բոլորին հրավիրում է  դպրոցի շենք:  «Այստեղ` բակում անվտանգ չէ», - պարզաբանում է նա:

Դեռեւս ԽՍՀՄ-ի օրոք կառուցված դպրոցը նախատեսված է  170 երեխայի համար: Դպրոցն ընդարձակ է եւ մաքուր: Ջեռուցման հարցը եւս լուծված է: Բայց դպրոցը, ինչպես եւ ամբողջ գյուղը, մշտական լարման մեջ է սահմանի հետ հարեւանության պատճառով:  Պատերին եւ պատուհաններին ադրբեջանական կողմից կրակոցների հետքեր կան:  «Գործնականում ամեն օր են կրակում, ոչ միայն այսօր», - հայտնում են ուսուցիչներն այն հարցին ի պատասխան, թե արդյոք կրակոցները կապված են սեպտեմբերի   1-ի հետ: «Մեր աշակերտները, այդ թվում` աղջիկները, կարող են վայրկենապես քանդել եւ հավաքել ինքնաձիգը», - թեման շարունակում են ուսուցիչները:

«Այս տարի դպրոցը երեք շրջանավարտ է ունեցել: Մեկը բուհ է ընդունվել», - պատմում է Արեւ Արզումանյանը: Նա երկու տարի է, ինչ զբաղեցնում է տնօրենի պաշտոնը, իսկ դպրոցում աշխատում է 1994 թվականից:

Ներկայիս ավարտական դասարանում երկու աղջիկ կա` Լիլիթ Ավագյանը եւ Անի Արզումանյանը: Երկվորյակ առաջին դասարանցիների ձեռքը բռնած` նրանք քայլեցին դեպի խորհրդանշական առաջին դասը: 

Մեկ այլ սահմանամերձ գյուղում՝ Պառավաքարում, առաջին դասարան է գնացել 28 երեխա: «Ընդհանուր առմամբ, գյուղում սովորում է 210 աշակերտ: Այս տարվա շրջանավարտներից 9-ը բուհ է ընդունվել»,-պատմում է Պառավաքարի դպրոցի տնօրեն Անգին Նիգոյանը: Նրա խոսքով, դպրոցը նախատեսված է մոտ 300 երեխայի համար, եւ ուրախալի է, որ նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիները չեն պակասել: Ավարտական դասարանում այս պահին կա 14 աշակերտ: Հաջորդ տարի եւս սպասվում է, որ 20-ից ավելի առաջին դասարանցիներ կլինեն:

Անգին Նիգոյանը Պառավաքարի դպրոցի տնօրենն է 2011 թվականից, իսկ դպրոցում աշխատում է 1985-ից՝ իր աշխատանքային գործունեությունն սկսելով ավագ ջոկատավարից: Նրա ամուսինը՝ Սուրեն Բուլղադարյանը, դրոցի զինղեկն է, որդին՝ Արթուրը եւ հարսը՝ Քրիստինան նույնպես աշխատում են դպրոցում: Անգին Նիգոյանի երեխաները նույնպես գյուղի դպրոցն են ավարտել:

«Այսօր մեզ համար կրկնակի տոն է: Բացի մասնագիտականից, նաեւ ընտանեկան՝ ավագ թոռնուհիս՝ Իզաբելան, առաջին դասարան է գնացել»,-նշեց տատիկ-տնօրենը:

Իզաբելայի կրտսեր եղբայրը՝ երեքամյա Սուրենը, այդ առթիվ մանկապարտեզ չի գնացել: Հրաժարվելով խոսել տեսախցիկի առջեւ, փոքրիկ Իզաբելան, այդուհանդերձ, զրույցի է բռնվում հյուրերի հետ: Հարցին՝ գիտի՞ տառերը, նա արժանապատվորեն պատասխանում է. «Մի քիչ»:

Պառավաքարը, ինչպես այլ սահմանամերձ գյուղեր, պարբերաբար հակառակորդի թիրախի տակ է հայտնվում: «Հիմա, վերանորոգումից հետո, դպրոցում հետքեր չկան, իսմ մինչեւ վերանորոգումը շենքի վրա տեսանելի էին գնդացրի կրակոցների հետքերը»,- նշում է Սուրեն Բուլղադարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ