News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«ԳԱԼԱ»կուսակցությունը Գյումրիում ընթացող ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր ստացել է վաղ առավոտից: Ըստ կուսակցության վարչության անդամ Քրիստինե Մկրտչյանի` մասնավորապես ահազանգերը ստացվում են «Գծի հետեւ» եւ Արցախ թաղամասերից:

«Ահազանգեր ունեինք, որ «Բալասանյան դաշինքի» ու «Գյումրեցու ոգի» կուսակցության վստահված անձինք իրենց մոտ ցուցակներ ունեին, եւ երբ մարդիկ դուրս էին գալիս քվեարկությունից, ճշտում էին անուն-ազգանուններն ու իրենց մոտ նշում: Դա հիմք էր տվել մեր վստահված անձանց ենթադրել, որ այդ մարդկանց ուղղորդում են: Մեր լիազոր անձը մեկի մոտ տեսել էր բացակաների ցուցակը եւ հիմք էր ունեցել ենթադրելու, որ ուզում են լցոնում անել, մեկի ձեռքին էլ գունավոր գրիչներ էր տեսել, հաղորդում ենք տվել ոստիկանություն»,- ասաց Քրիստինե Մկրտչյանը:

Ըստ կուսակցության ներկայացուցչի` հատկապես Բալասանյանի հայրական թաղամասում`«Գծի հետեւ» կոչվող թաղամասի ընտրատեղամասերում էր առավոտից իրավիճակը լարված. «Էդգար Մկրտչյանը, որը «Բալասանյան դաշինք»-ի ցուցակում է, մտել էր ընտրատեղամաս: Այս թաղամասում մեքենաներով մարդկանց բերում էին, նույնիսկ տեսա, որ Էդգար Մկրտչյանը մեկին սայլակով բերել էր եւ ձեռքով ցույց տվեց երկու թիվը: Նշեմ, որ 27 դպրոցում տեղակայված ընտրատեղամասին ժամեր առաջ հնարավոր չէր մոտենալ, քանի որ մարդիկ շարվել էին ճանապարհին եւ մեքենաներն էին կանգնեցրել` փակելով մուտքը: Մենք ոստիկանություն ենք հրավիրել եւ այդ կերպ խնդիրը կարգավորել»:

Քրիստինե Մկրտչյանը հայտնեց նաեւ, որ 9-րդ գրադարանի տարածքում նույնպես մարդկանց ուղղորդում էին. ընտրողները մտնում էին դիմացի տուն կամ Բալասանյանի շտաբ, որից հետո արդեն ընտրատեղամաս էին մտնում: Երբ փորձել է ինքն էլ մտնել այդ տուն, թույլ չեն տվել` պարզաբանելով, թե սեփական տարածք է: Ըստ կուսակցության վարչության անդամի` տարածքում նաեւ կանայք են եղել, որոնք փորձել են պրովակացիա անել` հայտարարելով, թե ինքը հարվածել է նրանցից մեկին:

«Թաղամասի բնակիչներն են խառնվել ու ասել, որ ես նման բան չեմ արել, պարզապես կարգը պահպանելու համար էի այնտեղ: Ի դեպ, ընտրողներն այդ կանանց հետ էին իմ նշած տունը մտնում, դուրս գալիս: Երիտասարդ տղաներ էին նաեւ մարդկանց միկրոավտոբուսներով ուղեկցում տեղամաս»,- նշեց նա:

Քրիստինե Մկրտչյանը հայտնեց նաեւ, որ նույն իրավիճակն է նաեւ Արցախ թաղամասի հինգ ընտրատեղամասերում, որտեղից ահազանգեր են ստացվում, որ կոնկրետ անունով մարդիկ գումար են բաժանում:

«Երբ մենք գնում ենք, միանգամից ցրվում են: Բայց այն, որ տեղամասերից դուրս մարդկանց կուտակումներ կան, ընտրողներին ուղեկցում են, ուղղորդում են: Կարելի է ասել` արվում է այն, ինչ միշտ արվել է, սակայն երբեք այդքան ագրեսիվ չեն արել ու այսքան վաղ»,- հավելեց Քրիստինե Մկրտչյանը:

Նշենք, որ Քրիստինե Մկրտչյանը նույնպես ներառված է ԳԱԼԱ-ի ցուցակում, երրորդ համարն է: Ցուցակը գլխավորում է Վահան Խաչատրյանը:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ