News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 14
Տեսնել լրահոսը


Երեւանի ծայրամասում Շենգավիթի գերեզմանատան մոտակա հատվածը դժվար թե կարող է գրավել պատահական անցորդի ուշադրությունը։ Այդ տեղը Կարմիր բլրի տարածքում ուրարտական Թեյշեբաինի քաղաք–ամրոցի ավերակներից այնքան էլ հեռու չէ, եւ1990-ական թվականներից օգտագործվում է որպես քաղաքային աղբանոց։

2010-2011 թվականներին Ճարտարապետների խորհուրդը, որն քննարկում էր այդ տեղանքով անցնող արագընթաց մայրուղու շինարարությունը, եկավ այն եզրակացության, որ այդ տարածքը հնագետների համար արդեն ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում։ Սակայն Հայաստանի մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանն այդ կարծիքը չէր կիսում եւ պնդեց, որ հատվածը պետք է ուսումնասիրվի, եւ պեղումները պետք է շարունակվեն, որոնք այդ պահին ժամանակի անիմաստ կորուստ էին թվում։ 

2013 թվականին՝ 40 քառ/մ հողատարածք տարիների աղբից մաքրելուց հետ, հնագետները սկսեցին աշխատել։ Արդյունքն իրեն երկար սպասել չտվեց. շուտով երեւաց Թեյշեբաինիի դամբարանադաշտը։ «Դա լուրջ բացահայտում էր, քանի որ Բորիս Պիոտրովսկու արշավախումբը ժամանակին մոտ տասնյակ գերեզմաններ էր գտել, սակայն քաղաք–ամրոցի դամբարանադաշտի գտնվելու վայրը պարզ չէր»,– NEWS.am–ի հետ զրույցում ասել է Հակոբ Սիմոնյանը։

2015-ի ամռանը սկսվեցին մեծածավալ պեղումները։ Հնագետների առաջ ծանր խնդիր էր դրված. պեղումներն ավարտել նախքան դեկտեմբերին պլանավորած շինարարական աշխատանքների սկիզբը։

«Պեղումների համար հատուկ մեթոդիկա էր ընտրված։ Կարճ ժամանակահատվածում մենք կարողացանք մոտ 300 գերեզման պեղել։ Այսօր կարելի է հանգիստ ասել, որ տարածքում ոչ մի դամբարան չի մնացել։ Մենք բոլորը հասցրել ենք պեղել»,– ասում է Սիմոնյանը։

Ամենակարեւոր գտածոներից մեկը բարձրաստիճան մի պաշտոնյայի գերեզմանն է, որը, ենթադրաբար փոխարքա է եղել։ Նման կարծիք հայտնելու առիթ էր ծառայել դամբարանում հայտնաբերված գլխիկով գավազանը՝ ցլի տեսքով եւ մանգաղաձեւ ծայրով։ Նման գավազաններ ունեին խեթերի եւ ասորիների արքաները, ինչպես նաեւ եգիպտացի փարավոնները։ Հնագետի խոսքով՝ հնարավոր է, որ Ուրարտուում վարչատարածքային բաժանում է եղել, եւ ամեն միավոր ունեցել է իր փոխարքան։ Մեկի նստավայրն էլ եղել է Թեյշեբաինին։

Դամբարանները սենյակների տեսք ունեն։ Պեղումների արդյունքում հայտնաբերվել է ավելի քան 1000 կմախք։ Սիմոնյանը նշում է, որ սա Հայաստանի ամենամեծ մարդաբանական հավաքածուն է, որի շնորհիվ հնարավոր կլինի գտնել գիտնականներին հուզող բազմաթիվ հարցերի պատասխանները։

Գանգերը տարբեր ձեւերի են՝ կլոր ու երկարավուն։ Հնագետի խոսքով, սա վկայում է այն մասին, որ Վանի թագավորությունում բնակվում էին տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Սակայն գերակշռում էին գլխի կլոր ձեւ ունեցողները, ինչը նշանակում է, որ Թեյշեբաինիում բնակվում էին ոչ թե վերաբնակներ, այլ բնիկներ։

«Ուշագրավ է, որ հայտնաբերված կմախքների ծնկերը ծալված են։ Ընդ որում կանանց թաղում էին ձախ կողմի վրա պառկած դիրքով, իսկ տղամարդկանց՝ աջ։ Բացի դրանից Թեյշեյբանիում շատ ստրուկներ կային։ Նրանց հաճախ էին տերերի հետ միասին հողին հանձնում, որպեսզի նրանք շարունակեն ծառայել իրենց տերերին նաեւ անդրշիրիմյան աշխարհում։ Այն ժամանակ ծառաները համարվում էին քայլող գործիքներ, խոսող անասուններ, այնպես որ նրանց զոհաբերելու մեջ ոչ ոք որեւէ խնդիր չէր տեսնում»,- նշեց Սիմոնյանը։

Հնագետները բավականին զարմացել էին, երբ հայտնաբերել են նաեւ երեխաների գերեզմաններ, քանի որ հայտնի է, որ հին հասարակություններում մինչեւ 6 տարեկան երեխան համայնքի լիարժեք անդամ չէր համարվում։ Պեղումները այնքան բարձր մակարդակով են իրականացվել, հավելեց նա, որ հաջողվել է պեղել նույնիսկ չծնված սաղմ։ Կինը հավանաբար մահացել էր կամ ծննդաբերությունից առաջ, կամ հենց ծննդաբերելու ընթացքում, քանի որ սաղմը մնացել էր նրա արգանդում։

Դամբարաններում գտել են զոհաբերված կենդանիների ոսկորներ, զենք, զարդեր, զանազան կենցաղային իրեր։ Հայտնաբերված արտեֆակտների ընդհանուր քանակը հասնում է մի քանի հազարի։ Այս հավաքածուն կօգնի պատկերացում կազմել այն մասին,թե ինչպես էին հագնվում Թեյշեբաինիի հին բնակիչները, հուղարկավորության ինչ ծիսակարգեր ունեին, ինչով էին սնվում կամ նույնիսկ ինչով էին հիվանդանում։

«Ամենատարածված զարդերն ապարանջանն ու մանյակն էին։ Ընդ որում դրանց քանակը կախված էր կնոջ սոցիալական կարգավիճակից։ Երբեմն կանայք հագնում էին 5-6 ապարանջան, որպեսզի պարելիս զարդերի զրնգոցը լրացուցիչ ուշադրություն գրավեր»,- բացատրում է Սիմոնյանը։

Բայց ամենակարեւորը, շեշտեց նա, այն է, որ գտնված արտեֆակտները կարող են հստակություն մտցնել այն հարցում, թե ինչ քաղաքակրթության ու մշակույթի էին պատկանում Ռուսա Բ թագավորի կողմից հիմնադրված Թեյշեբաինի քաղաքի բնակիչները։ Դրա համար անհրաժեշտ է իրականացնել հին կմախքների ԴՆԹ անալիզ ու համեմատել այդ տվյալները ժամանակակից հայերի ԴՆԹ-ի հետ։ Աճյունների որոշ նմուշներ արդեն ուղարկվել են Կոպենհագենի ու Բոսթոնի լաբորատորիաներ։

«Պատկերացնում եք, եթե պարզվի ու նրանք ու մենք նման կամ նույն գենետիկան ունենք։ Այդ դեպքում այն լուրերը, որ Ուրարտուն Հայաստանի հետ առնչություն չունի, հօդս կցնդեն», - եզրակացրեց Սիմոնյանը։

Սակայն Թեյշեբաինիի գերեզմանոցներից պեղված մարդաբանական նյութի ամբողջական հետազոտության համար հազարավոր դոլարներ են պետք։ Գիտնականները այս հարցում ապավինում են պետության կամ հովանավորների աջակցությանը, քանի որ հետազոտությունը հսկայական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ աշխարհի պատմության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկաթուղային տեխնիկայի թանգարան՝ Գյումրիում․ Հնի եւ նորի միավորում (ֆոտո)
Թանգարանը ստեղծվել է չորս տարի առաջ․․․
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Հայկական դիվիզիաները Մեծ հայրենական պատերազմում՝ Կովկաս, Ստալինգրադ, հաղթական քոչարի Ռեյխսթագի պատերի տակ (Ֆոտո)
Պահպանվել են վավերագրական կադրեր, թե ինչպես են հայ զինվորները հաղթական քոչարի պարում Ռեյխսթագի պատերի մոտ․․․
«Շառլոտան», «Վայրի Արեւմուտք» սալունն ու «Դոնթ Դիլխորը» (ֆոտոռեպորտաժ)
Ստեփանակերտում առայժմ միակ փաբը գտնվում է Արցախի մայրաքաղաքի հենց կենտրոնում...
«Ջոջերի բոցերը». NEWS.am-ի ֆոտոնախագծում Մանվել Գրիգորյանն է
Նախագծի շրջանակներում ներկայացնելու ենք Հայաստանի քաղաքական ու հասարակական գործիչների...
«Ջոջերի բոցերը». NEWS.am-ի ֆոտոնախագծում Սամվել Ալեքսանյանն է
Եթե ես խաբում եմ, շան տղա լինեմ թե լսում եմ, հորս արեւ...
Partner news