News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը վերջապես հակազդում է Պակիստանի հակահայկական քաղաքականությանը: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը:

Նա, իր հոդվածում, նշում է.

«Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես որոշել է հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ եւ հակահայկական քաղաքականությանը:

Անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախյան դիրքորոշմանը:

Հայաստանը բացատրել է, որ «Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլեւ վերջինս պաշտոնապես ճանաչել որպես անկախ պետություն»՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման: Իրոք, Պակիստանը մեկն է աշխարհի այն փոքրաթիվ երկրներից, որոնք քառորդ դարյա անկախությունից հետո դեռ չեն ճանաչել Հայաստանը... 

Այս համեմատաբար փոքր դրվագը ողջունելի զարգացում է, որը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարները ցանկանում են ժամանակ առ ժամանակ ցույց տալ իրենց վճռակամությունը: Նման քայլը կարող է նաեւ որպես նախազգուշացում ծառայել այլ երկրների համար, որ Հայաստանը պատրաստ է եւ ցանկանում է պաշտպանել իր շահերը, իսկ անհրաժեշտության դեպքում խոչնդոտել իր հակառակորդների շահերին:

Պակիստանի հակահայկական դիրքորոշումը նախորդում է Հայաստանի անկախությանը: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանների եյույթները 1970-1980-ական թվականններին,  Ժնեւում (Շվեյցարիա) Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումների:

1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Պակիստանը շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի եւ Արցախի դեմ՝ խստորեն պաշտպանելով Ադրբեջանին եւ Թուրքիային: Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը վարձել էր մոջահեդ ահաբեկիչներ Պակիստանից եւ Աֆղանստանից հայերի դեմ կռվելու համար: Այդ ժամանակից ի վեր, Պակիստանի եւ Ադրբեջանի ղեկավարները բազմաթիվ առիթներով փոխադարձ այցելություններ են կատարել՝ ամրապնդելով իրենց տնտեսական եւ ռազմական հարաբերությունները: Օրինակ, Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթհար Ալին, 2010 թ. Բաքու կատարած իր այցի ժամանակ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է «համագործակցության ամրապնդումը ռազմական բնագավառում եւ պաշտպանական արդյունաբերության մեջ»՝ ըստ  ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության: Ի պատասխան՝ նախագահ Ալիեւը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի բանաձեւի օգտին քվեարկելու եւ Ադրբեջանի դեմ ագերսիայի հետ կապված Հայաստանը չճանաչելու համար»:

2015 թ. մարտին, Բաքու կատարած իր այցի ժամանակ, Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հայտարարեց. «Մենք միշտ կողմ ենք եղել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա նաեւ հայտարարեց, որ Պակիստանի Սենատը, հայերի կողմից ադրբեջանցիների սպանությունները Խոջալուում Արցախյան պատերազմի ժամանակ, ճանաչել է որպես ցեղասպանություն:

2016 թ. հոկտեմբերի 14-ին, Ադրբեջան կատարած իր փոխադարձ այցի ժամանակ, Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ասաց Ալիեւին համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ իր երկրի հետաքրքրության մասին: Նավազը նաեւ «ադրբեջանական գրավյալ տարածքների ամբողջական վերադարձման, հայկական զորքերի դուրսբերման եւ տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի կոչ արեց»: Ի պատասխան՝ Ալիեւն իր երկրի աջակցությունը հայտնեց Պակիստանի դիրքորոշմանը Ջամուի եւ Քաշմիրի վերաբերյալ՝ հակառակ Հնդկաստանի: Մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն այցելեց Պակիստան, նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հիշեցրեց, որ Պակիստանը երրորդ երկիրն էր Թուրքիայից եւ Ռումինիայից հետո, որ ճանաչեց Ադրբեջանը: Նախագահ Հուսեյնը նաեւ իր երախտագիտությունը հայտնեց Ադրբեջանին՝ Ջամուի եւ Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ ունեցած վեճում Պակիստանին սատարելու համար, եւ խոստացավ շարունակել աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի» (Արցախի) վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին:

Ադրբեջանից հետ չմնալու նպատակով, Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելեց Պակիստան 2016 թ. նոյեմբերի 17-ին, որտեղ վարչապետ Նավազ Շարիֆը ողջունեց նրա այցը իր «երկրորդ տուն»: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց. «Ամբողջ աշխարհը պետք է ընդօրինակի Պակիստանին...»:

Հայաստանի Հանրապետությունը եւ Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին եւ հակահայկական այլ պետություններին՝ հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու իրենց մտադրություններից հետ կանգնեցնելու համար: Ստորեւ ներկայացնում եմ մի քանի առաջարկություններ.

- Հայաստանը պետք է դեմ քվեարկի Պակիստանի օգտին ցանկացած հարցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում.

- Հայաստանը պետք է արգելափակի Պակիստանի ջանքերը՝ Եվրասիական տնտեսական միության հետ կապ հաստատելու համար.

- Հայաստանը պետք է կողմ լինի Հնդկաստանին՝ Ջամուի եւ Քաշմիրի շուրջ Պակիստանի հետ ունեցած վեճում.

- Ամերիկահայերը պետք է հորդորեն ԱՄՆ Կոնգրեսին լսումներ անցկացնել Պակիստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Տպել
Ամենաշատ