News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց եւ ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ եւ առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության եւ ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին:

«Մեր զինծառայողների՝ Աֆղանստանում գտնվելու փաստը, ինչպես նաեւ մեր ներկայությունն այսօր այստեղ, Աֆղանստանում խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը մեր շարունակական նվիրվածության լավագույն վկայությունն են: Մենք միասնական ենք «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով այս նպատակներին հասնելու եւ աֆղանական իշխանությունների կողմից երկրի արդյունավետ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաեւ երկարաժամկետ անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում: Շատ բան արդեն արվել է, այնուամենայնիվ, դեռ բավականաչափ անելիքներ կան:

Անվտանգության հետ կապված միջադեպերը շարունակում են մեր ուշադրությունը սեւեռել Աֆղանստանի առջեւ ծառացած մարտահրավերների վրա: Մտահոգիչ են Թալիբանի գործունեության եւ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի եւ այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները: Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Դա նաեւ ամրապնդում է մեր միասնական վճռականությունը շարունակելու միասնական ջանքերը՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը, ովքեր դրա կարիքն ունեն: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից:

Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հանձնառություն է ստանձնել՝ իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման միասնական ջանքերում: Դրա վկայությունն է նաեւ անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում եւ Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին:

Ինչպես Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում վերահաստատեց Հայաստանի Հանրապետության Նախագահը, 2017թ. ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք նաեւ պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել «Տեւական գործընկերությանը», երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը:

Հայաստանը շարունակում է աջակցել Աֆղանստանի կողմից ղեկավարվող համաաֆղանական ընդգրկվածություն ունեցող խաղաղ գործընթացին: Վստահ ենք, որ միասնական ջանքերով եւ վճռականությամբ կհասնենք մեր ընդհանուր նպատակին` օժանդակելու Աֆղանստանի ժողովրդին անվտանգության ու կայունության ապահովման գործում»,- ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ