News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կայացավ ցեղասպանության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան նվիրված երկրորդ միջոցառումը:

Միջոցառումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` հարգանքի տուրք մատուցելով ցեղասպանության զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Յան էլիասոնը եւ ՄԱԿ 71-րդ ԳԱ փոխնախագահ, ՄԱԿ-ում Գերմանիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Հարալդ Բրաունը: ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, որպես հիմնական բանախոս, անդրադարձավ ցեղասպանության կանխարգելման հարցում ազգային եւ միջազգային դերակատարների նշանակությանը:

Ելույթներով հանդես եկան ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Մարտին Գարսիա Մորիտանը, ՄԱԿ-ում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպան Օլիվյե Զեհնդեն, Խաղաղության եւ հաշտեցման Օսվենցիմի ինստիտուտի գործադիր տնօրեն Թիբի Գալիսը: Միջոցառումը եզրափակվեց ցեղասպանություն վերապրածների ողբերգական պատմությունների ներկայացմամբ:

Իր խոսքում դեսպան Մնացականյանը նշեց, որ Հայաստանի նախաձեռնությամբ 2015թ. սեպտեմբերի 11-ին 69/323 բանաձեւի ընդունումից ի վեր երկրորդ անգամն է, որ ՄԱԿ-ը եւ անդամ երկրները հարգանքի տուրք են մատուցում ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակին` պատվելով նրանց արժանապատվությունը եւ արտահայտելու նմանատիպ հանցագործության կրկնության կանխարգելման հավաքական վճռականությունը: Դեսպանը նշեց, որ դեկտեմբերի 9-ը անցյալում դրսեւորած անգործության հավաքական մեղքի հիշեցումն է:

Ցեղասպանությունները կանխելու վաղ ահազանգման համատեքստում դեսպանը կարեւորեց ազգային հաստատությունների տոկունությունը, անկախ եւ անկողմնակալ դատական համակարգի, պետական անվտանգության եւ իրավապահ համակարգի հաշվետվողականությունը, կառավարման գործընթացներին քաղաքական մասնակցության հնարավորությունների սահմանը, քաղաքացիական հասարակության ամրությունը, հիմնարար ազատությունների աստիճանը եւ ԶԼՄ-ների ազատ գործունեությունը: Դեսպանն ընդգծեց, որ «ապահովելով վաղ կանխարգելման ամուր հիմքերը, բարձրացնելով իրազեկությունը եւ կրթելով ցեղասպանության արդյունքում խորը եւ տեւական սոցիալական եւ քաղաքական մասնատման մասին` հնարավոր կլինի կանխարգելել նմանատիպ ոճիրները եւ դրա հետեւանքները»: Դեսպանը նաեւ հավելեց. «Մենք չենք կարող ետ կանգնել մեր հանձնառությունից` կանխելու նմանատիպ ոճիրները, քանի որ պարտավորված ենք զոհերի եւ մեր հավաքական խղճի առջեւ: Այլեւս երբե'ք արտահայտությունը չպետք է լինի զուտ արտահայտություն»:

ՄԱԿ-ի անդամ երկրները, դիտորդները, միջազգային կազմակերպությունները, վերլուծական կենտրոնի ներկայացուցիչները, քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ԶԼՄ-ները, ինչպես նաեւ Ամերիկայում հայկական համայնքի ներկայացուցիչները եւ դպրոցականները մասնակցեցին միջոցառմանը:

Միջազգային օրվա կապակցությամբ հատուկ ուղերձ էր հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Նշենք, որ 2015թ. սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի ընթացքում միաձայն ընդունվել է Հայաստանի կողմից ներկայացված 69/323 բանաձեւը, որով հռչակվել է Ցեղասպանության զոհերի հիշատակի եւ արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Նախաձեռնությունը բխում է ս.թ. մարտի 27-ին Ժնեւում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 28-րդ նստաշրջանում Հայաստանի կողմից ներկայացված եւ միաձայն ընդունված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւի դրույթներից: Սույն բանաձեւերն ընդգծում են ցեղասպանության զոհերի հիշատակման անհրաժեշտությունը, ինչը կարեւոր դերակատարություն ունի կանխարգելման գործում։ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիան ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 9-ին։ Հիշյալ բանաձեւերը եւ միջազգային օրվա բարձրաստիճան միջոցառումները գալիս են լրացնելու Հայաստանի շարունակական ջանքերը` խթանելու ու համախմբելու ցեղասպանության ոճռի դեմ ուղղված միջազգային գործողությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ