News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարձրագույն կրթության ոլորտի կրթական ծրագրերի արդյունավետության  բարձրացմանը եւ կրթական գործընթացի բարեփոխումներին միտված  ծրագրերի մշակման նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Հանձնաժողովում ընդգրկված են ԿԳ նախարարության եւ բուհերի ներկայացուցիչներ: Նախարար Լեւոն Մկրտչյանն իր խոսքում կարեւորել է բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները` ընդգծելով, որ այդ նպատակով ստեղծված բոլոր երեք աշխատանքային խմբերը պետք է ամփոփեն առկա ռեսուրսները եւ ներկայացնեն հստակ առաջարկություններ: Նախարարն անդրադարձել է ցանցային համալսարանների ստեղծման, ուսանողների եւ դասախոսների ներքին շարժունության ապահովման, որոշ ընթացակարգերի վերանայման խնդիրներին:

Հանձնաժողովը նախարարին է ներկայացրել նախորդ երկու նիստերի ընթացքում մշակված առաջարկությունների փաթեթը` ուղղված բարձրագույն կրթության ոլորտում կրթական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես, առաջարկությունները հիմնականում վերաբերել են ուսուցման մեթոդաբանությանը` կրեդիտային համակարգի վերանայում, այդ թվում` կրեդիտների տեղափոխման ճկուն մեխանիզմի ներդրում, ուսանողների գնահատման համակարգի բարելավում, այդ թվում՝ կույր գնահատման համակարգի ներդրում, ինչպես նաեւ բուհերում ուսումնական ծրագրերի հիմքում ուսանողի անհատական, այլ ոչ թե խմբային առաջընթացի ներդրում:

Իրավական փաստաթղթերի բարելավման տեսանկյունից առաջարկվել է վերանայել գործող կարգերը՝ եվրոպական մակարդակում Երեւանի նախարարական գագաթաժողովին ներկայացված եւ ընդունված փասստաթղթերի համաձայն: Այս համատեքստում աշխատանքային խումբը ներկայացրել է որոշ առաջարկներ` ըստ մասնագիտական խմբերի կրթական ծրագրերի պարտադիր գնահատում, բարձրագույն կրթության բոլոր մակարդակներում առանձին ծրագրերի կամ դասընթացների օտար լեզուներով դասավանդման արտոնում, մասնագիտությունների ցանկի եւ կրթական ծրագրերի ձեւավորման սկզբունքների վերանայում, ինչպես նաեւ մասնագետների պատրաստման գործընթացներին գործատուների անմիջական եւ պարտադիր ներգրավման խրախուսման մեխանիզմների մշակում:

Բարելավված կրթական ծրագրերի իրագործման նպատակով աշխատանքային խումբն առաջարկել է  պրոֆեսորադասախոսական կազմի ընտրության եւ աշխատանքի ընդունման հստակ, թափանցիկ կանոնակարգերի մշակում եւ ներդրում, դասախոսների կատարելագործման համակարգի իրագործում, պրոֆեսորադասախոսական կազմի գնահատման եւ խրախուսման մեխանիզմների ներդրում: ՏՏ-ի ներդրման նպատակով ներկայացվել են որոշ առաջարկներ` բուհերում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրում, կրթական էլեկտրոնային հարթակի եւ ռեսուրսների ստեղծում, համակարգչային տարբեր ծրագրերի միջոցով ինտերակտիվության եւ ուսանողի ներգրավվածության ապահովում եւ համապատասխան վերապատրաստումների իրականացում, բուհերի կողմից առցանց դասընթացների մշակման եւ իրագործման խրախուսման մեխանիզմների ներդրում: Գործընթացների իրականացման թափանցիկության եւ հաշվետվողականության նպատակով առաջարկվել է բուհերի կողմից ներքին եւ արտաքին շահեկիցների համար հաշվետվողականության համապատասխան ձեւաչափի մշակում՝ հանրությանը փաստարկված տեղեկատվության տրամադրման նպատակով:

Տպել
Ամենաշատ