News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումը չի վերաբերվում Հայաստանում կրթություն ստացած անձանց, անկախ այն հանգամանքից՝ նրանք կրթությունը ստացել են ռուսական դպրոցներում խորհրդային տարիներին, թե ռուսական դասարաններում ՀՀ-ում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության իրավաբանական վարչության պետ Լուսինե Գրիգորյանը՝ պարզաբանելով շրջանառվող թյուր մեկնաբանությունները, որ Ընտրական օրենսգրքի տվյալ պահանջը վերաբերում է ռուսերեն լեզվով հիմնական կրթություն ստացած անձանց:

Լ. Գրիգորյանի խոսքով՝ եթե ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացին ունի ՀՍԽՍ կամ ՀՀ-ի կողմից տրված վկայական, ատեստատ կամ դիպլոմ, որտեղ նաեւ հայոց լեզու առարկան ուսումնասիրելու վերաբերյալ նշում կա, ապա նա հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգում չի անցնի:

Նշենք, որ, փաստացի, ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը վերաբերում է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրված այն քաղաքացիներին, ովքեր կրթություն են ստացել արտերկրում եւ չունեն հայերենին տիրապետելու նշում համապատասխան փաստաղթղերում: Ի դեպ, դա կարող են լինել, ոչ միայն Սփյուռքից Հայաստան տեղափոխված եւ վերջին չորս տարին այստեղ մշտապես բնակվողները, այլեւ՝ ազգությամբ ոչ հայեր:

«Իհարկե, առաջնահերթ, օրենքի այդ դրույթը վերաբերվում է Սփյուռքից տեղափոխված քաղաքացիներին: Օրենքի պահանջը վերաբերվում է այն անձանց, ովքեր կրություն չեն ստացել Հայաստանի Հանրապետությունում: Օրինակ, ԱՄՆ-ի որոշ նահանգների կրթական հաստատություններում հայոց լեզուն որպես այլընտրանքային առարկա դասավանդվում է, եւ եթե այդ առարկայից անձն ունի կրեդիտ, ապա  նա հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգում չի անցնի»,- պարզաբանեց  Լ. Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ կրթության նախարարի հրամանի համար հիմք է հանդիսացել ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի 3-րդ մասը, որտեղ ԱԺ պատգամավոր ընտրվելու համար, ի թիվս այլ չափանիշների, սահմանվել է նաև հայերենին տիրապետելու պահանջ: Հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստվում է ուսումնական հաստատություններում հայերենով կրթություն ստացած կամ կրթական ծրագրերով նախատեսված հայոց լեզու առարկայի ուսումնառությունն ավարտած և ամփոփիչ ատեստավորում անցած լինելու վերաբերյալ ուսումնական հաստատությունների կողմից տրված ավարտական փաստաթղթով (վկայական, ատեստատ, դիպլոմ): Հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքը ստուգվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության սահմանած կարգով, որը պետք է նախատեսի հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման ողջամիտ, օբյեկտիվ չափորոշիչներ, ինչպես նաև գործընթացի վերահսկողության ընթացակարգեր: Ստուգման արդյունքները եռօրյա ժամկետում կարող են բողոքարկվել դատարան»:

Համաձայն հաստատված կարգի` Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու` հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգումն իրականացվում է թեստավորման միջոցով, որի արդյունքում տրվում է համապատասխան տեղեկանք: Ըստ կարգի` տեղեկանք ստանալու համար քաղաքացին պետք է դիմի ՀՀ կրթության և գիտության նախարարություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ