News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Naked Science պարբերականը վերլուծել է Հայաստանի ու Ադրբեջանի ռազմաօդային ներուժի մասին տվյալները ու եկել այն եզրակացության, որ ժամանակակից պատերազմում հաղթանակի համար ոչ միայն նոր զենք է պետք, այլ այն կիրառելու մշակույթ։

«Հայաստան vs Ադրբեջան՝ ռազմաօդային ներուժի մասին» վերնագրով հոդվածում բավականին մանրակրկիտ ներկայացված են տվյալներ կողմերից յուրաքանչյուրի տրամադրության տակ գտնվող սպառազինությունների մասին։ Պարբերականը փաստում է, որ մեծամասամբ կողմերի զենքը հին է, սակայն թվաքանակով գերազանցությունը Ադրբեջանին օգտին է։

«Զինված ուժերի տեխնիկական ապահովության հարցում նման մեծ տարբերությունը պայմանավորված է տնտեսությամբ։ Ադրբեջանն ունի նավթ, որը կազմում է հանրապետության ընդհանուր արտահանման մոտ 88․2 տոկոսը։ Իսկ Հայաստանի վիճակն ավելի բարդ է։ Բերենք օրինակ՝ 2013-ին ադրբեջանցիները սպառազինման վրա ծախսել են 3․7 մլրդ դոլար։ Որպեսզի հասկանալի լինի, Հայաստանի ամբողջ պետբյուջեի ծախսերի մասը այդ նույն 2013-ին կազմել է 2․6 մլրդ դոլար»,-գրում է պարբերականը։

«Արդյո՞ք վերոնշյալը նշանակում է Ադրբեջանի լիակատար գերազանցություն։ Չարժե շտապել եզրակացությունների հարցում, չէ՞ որ գերազանցությունը օդում կարող է եւ ոչինչ չտալ։ Բացի դրանից հայերը ունեն ՀՕՊ համակարգեր։ Երկիրն ունի С-300В ( որոշ տվյալներով ՝ С-300ПС) հինգ գումարտակ, բացի դրանից կան փոքր հեռահարության բազմաթիվ զենիթհրթիռային համալիրներ՝ «Ս 125»-ի ու «Օսա»-ի նման։ Բայց ադրբեջանցիների համար գուցե նույնիսկ ավելի մեծ խնդիր դառնան շարժական զենիթային հրթիռային համալիրները ՝ Հայաստանն բազմաթիվ «Իգլա» ու «Ստրելա 2» համալիրներ ունի ։

Ադրբեջանի ՌՕՈւ-երը ամենապրոֆեսիոնալը չեն։ Իսկ առանց փորձի հզոր ՀՕՊ իրականացնելը շատ բարդ կլինի, նույնիսկ երկնքում լիակատար գերազանցություն ունենալու պարագայում։ Այս կապակցությամբ կարելի է հիշել հայերի կողմից վերջերս խոցված «Մի 24»-ը, որի կորուստը Ադրբեջանը դժկամությամբ ընդունեց։ Այդ ուղղաթիռը խոցվել էր սովորական ձեռքի հակատանկային ականանետից, ինչը վկայում է կամ ուղղաթիռի անձնակազմի վատ պատրաստվածության կամ էլ կրակը բացողի բարձր պրոֆեսիոնալիզմի մասին։ Հնարավոր է նաեւ պատահական հաջողության տարբերակը, բայց այն նվազ հավանական է։ Եթե հիշենք 90-ականները, կտեսնենք, որ Ադրբեջանը զգալի կորուստներ է կրել ղարաբաղյան հակամարտության ժամանակ։ 1993-ին հայտնել էին մեկ «ՄիԳ 21»-ի, մեկ «ՄիԳ 23»-ի, երկու «Սու 25»-ի, երկու «ՄԻԳ 25 ՌԲ»-ի, մեկ «ՄիԳ 25Պ»-ի ու երեք «Լ 29»-ի կորուստի մասին։ Ընդամենը տասը մարտական մեքենա։ Հայաստանի ավիացիան իրեն ավելի լավ է դրսեւորել՝ 1993-ին մարտական կորուստներ չեն գրանցվել։

90-ականների ղարաբաղյան պատերազմը Ադրբեջանի համար առհասարակ չափազանց բարդ էր։ Եթե Հայաստանն ու ԼՂՀ-ն ունեցան մոտ 6 հազար մարդկային կորուստ, ապա Ադրբեջանի կորուստը կազմում էր առնվազն 11 հազար զինծառայող։ Այնպես որ կողմերից մեկի մոտ նոր տեխնիկայի առկայությունը կարող է ոչ մի կերպ չանդրադառնալ հակամարտության ելքի վրա։ Այստեղ կարելի է հիշել նաեւ վերջին զինված հակամարտությունը Եմենում, որտեղ ժամանակակից արեւմտյան զենք ունեցող Սաուդյան Արաբիան լուրջ կորուստներ է կրել շիա խռովարարների հետ մարտերում, որոնք շատ ավելի վատ էին զինված։ Ժամանակակից պատերազմում հաղթելու համար ոչ թե միայն նոր զենք է պետք, այլ այն կիրառելու մշակույթ։ Այլ կերպ ասած՝ համակարգված մոտեցում, որով ոչ բոլոր երկրները կարող են պարծենալ»,- ամփոփում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ