News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Հենրիկ Յեփեսենը բլոգեր–ճանապարհորդ է, որը հայտնի է որպես աշխարհի բոլոր երկրներն այցելած մարդ։ NEWS.am–ի հետ զրույցում Հենրիկը պատմել է Հայաստանից ստացած տպավորությունների մասին եւ հայտնել, թե որն է իր ամենասիրելի երկիրը։

Ո՞րն է եղել Ձեր առաջին այցելությունը եւ ու՞ր էիք Դուք մեկնել։

Փոքր տարիքում ես քիչ եմ ճանապարհորդել, ուստի որոշեցի ամբողջ աշխարհով շրջել՝ չնայած փորձի բացակայությանը։ 17 տարեկանում միայնակ մեկնեցի Եգիպտոս եւ Հարավարեւելյան Ասիա։

Դուք այցելել եք աշխարհի բոլոր երկրներ, այդ թվում՝ Հայաստան։ Ի՞նչ տպավորություններ եք ստացել մեր երկրից, ի՞նչ հիշողություններ ունեք։

Դա հիանալի էր։ Հայաստանը յուրահատուկ երկիր է, որտեղ Եվրոպան հանդիպում է Կենտրոնական Ասիային։ Ինձ իրոք շատ է դուր եկել։ Մարդիկ շատ ընկերասեր են, վիզան սահմանին շատ հեշտ է ստանալ։ Ինձ դուր եկան Երեւանի պատմական շինությունները։ Գեղեցիկ եւ հետիոտնին հասանելի քաղաք է։

Նկարագրեք ձեր սովորական այցելությունը։ Որքա՞ն եք մնում որեւէ երկրում։ Դուք նախապես պլանավարու՞մ եք, թե ուր եք գնալու։ Այցելու՞մ եք ռեստորաններ՝ ավանդական ուտելիքներ համտեսելու համար։

Ես մի քանի ամիս եմ անցկացրել տարբեր երկրներում, բայց դրանցից մի քանիսը շատ փոքր են, ինչպես օրինակ Խաղաղօվկիանոսյան կամ Կարիբյան կղզիները եւ շատ ժամանակ չեն խլում։ Ես սովորաբար օգտվում եմ Wikitravel կայքից, որպեսզի հասկանամ, թե ինչ կարելի է անել եւ տեսնել այդ երկրում։ Դրանից հետո կարելի է պլանավորել այցելությունը։ Մի քանի անգամ ես սննդից թունավորվել եմ, դրանից հետո շատ զգույշ եմ անծանոթ վայրում ռեստորան այցելելու հարցում։ Կարելի է տեղացիներից հարցնել, թե որտեղ կարելի է ուտել։

Ո՞ր երկիրն է ամենից շատ զարմացրել Ձեզ։

Ռուանդան աշխարհում իմ ամենասիրելի երկրներից մեկն է։ Դա հազար բլուրների երկիրն է։ Ենթակառուցվածքները ֆանտաստիկ են՝ աֆրիկյան ստանդարտների շնորհիվ, որոնք այն հաճելի են դարձնում։ Ես սկզբում ճանապարհորդում էի Կիգալիից Գիսենի եւ հակառակը։ Հետո Կիգալիից Բուժումբուրա։ Բոլոր այցելությունները հետաքրքրիր էին։ Բնապատկերներից բացի, ինձ դուր էր գալիս, որ մարդիկ վազում էին ավտոբուսի հետեւից, որպեսզի ինչ–որ բան վաճառեն, ինչպես Աֆրիկայի մյուս երկրներում։

Կարո՞ղ եք մի քանի խորհուրդ տալ, թե ինչպես ճանապարհորդել՝ չունենալով շատ փող։

Ես գիտեի, թե փողն ինչի վրա եմ ծախսում։ Ապրում էի տեղացիների հետ, սուպերմարկետներից էժան մթերք էի գնում, երթեւեկում ավտոստոպով կամ ավտոբուսով։ Ժամանակ է եղել, երբ ես օրական 5 դոլարից էլ պակաս եմ ծախսել։ Աշխարհով մեկ ճանապարհորդելն իրականում ավելի էժան է, քան մարդիկ կարծում են։ Բայց դուք պետք է պատրաստ լինեք ապրել տեղաբնակների պես նվազագույն ծախսերով, այլ ոչ թե որպես զբոսաշրջիկ։ Եթե ինչ–որ մեկն ուզում է կրկնել իր նախագիծը, կարեւոր է ունենալ բլոգ, այդպես կարող եք գումար ստանալ հովանավորներից, ինչպես որ ես 1000 հյուրանոցից եւ 100 ավիաընկերությունից։

Ձեր հաջորդ նպատակն է լինել աշխարհի բոլոր անկյուններում։ Ե՞րբ եք պլանավորում սկսել։

Ես վաղուց եմ սկսել։ Ես ուզում եմ նոր համաշխարհային ռեկորդ սահմանել՝ 325 երկիր եւ տարածք այցելելով։ Ես արդեն 193 երկիր եմ այցելել։ 132 տարածքներից ես չեմ այցելել 36-ը։ Մնացել են մի քանի շատ հետաքրքիր եւ դժվարամատչելի վայրեր, այնպես որ ես հույս ունեմ, որ հետաքրքիր կլինի հետեւել իմ ճանապարհորդություններին եւ սոցցանցերում իմ խորհուրդներին։

Դուք կարող եք հետեւել Հենրիկի շրջագայություն ու ստանալ նրա խորհուրդները Facebook-ում, Instagram-ում եւ իր բլոգում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել