News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 20-ին, ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ցանկանում եմ խոսել Հայաստանի Հանրապետության հանրային եւ ազգային անվտանգության օրախնդիր հարցերի մասին: Այս հարցերի պարզաբանումն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գործը ճիշտ կազմակերպելու համար: Իմ խոսքից հետո, անշուշտ, ակնկալում եմ ձեր հարցերը:

Հայաստանի Հանրապետության հանրային անվտանգության հարցերը չեն պատկանում Զինված ուժերի ղեկավար կազմի ուղղակի լիազորությունների շարքին: Սակայն դուք բոլորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ եք, ուստի այդ հարցերի պարզաբանումը ձեզ համար կարեւոր եմ համարում հենց այդ տեսանկյունից:

Մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված, հաճախ՝ խիստ հակասական ու անհասկանալի: Սակայն դա բնավ չի նշանակում, որ այդ ամենի հետ մենք պետք է պարզապես համակերպվենք եւ ձեռքներս ծալած նստենք, սպասենք, տեսնենք, թե մեզ ինչ անակնկալներ են հրամցնելու:

Ասել եմ եւ կրկնում եմ՝ այն մտայնությունը, թե մենք դատապարտված ենք ձախողման, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, եւ Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, անընդունելի է:

Մեր ներքին թերությունները թուրքերն ու ադրբեջանցիները չեն ստեղծում: Մեր երկրի կառավարման թերությունները նրանց հետ որեւէ առնչություն չունեն եւ նրանց պատճառով չեն:

Մեր հասարակական կյանքի կազմակերպման եւ լավ կառավարման խնդիրներն ազգային անվտանգության խնդիրներ են: Թերի կառավարումն ուղղակի ազդում է ազգային անվտանգության եւ երկրի պաշտպանունակության վրա:

Հենց այդ պատճառով մենք նախաձեռնեցինք Սահմանադրության բարեփոխման գործընթացը: Մեր երկիրն այդպիսով թեւակոխել է բեկումնային փոփոխությունների փուլ, որն անմիջապես պետք է զգալի լինի անձամբ ձեր եւ ձեր ընտանիքների համար:

Գիտեմ, որ ձեզնից շատերը որոշ մտահոգություններ ունեն սահմանադրական փոփոխությունների արդյունքում ոչ պատերազմական ժամանակաշրջանում Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնի վերացման կապակցությամբ: Այո, 2018 թվականից, երբ նոր Սահմանադրությունն ամբողջովին ուժի մեջ մտնի, այլեւս նման պաշտոն նախատեսված է միայն պատերազմի ժամանակ:

Ֆրանսիայում, որը եւս կիսանախագահական հանրապետություն է, պատմականորեն ձեւավորվել է «համակեցություն» տերմինը: Դա այն իրավիճակն է, երբ երկրի նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, իսկ վարչապետը եւ Ազգային ժողովի մեծամասնությունը՝ մեկ այլ քաղաքական ուժ:

Երկար քննարկումներից հետո մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեզ համար նման «համակեցություն» ձեւավորելը շատ երկարատեւ պրոցես է եւ, կներեք, բայց մեզ համար, ցավոք սրտի, դեռեւս անիրականանալի: Բոլորդ էլ գիտեք, որ կիսալուծումները սովորաբար պարտադրված եւ ամենավատ լուծումներն են, ուստի եւ անհրաժեշտ էր գտնել եւ տալ ամբողջական լուծում:

Նոր Սահմանադրությամբ մեր պետությունն անցնում է կառավարման խորհրդարանական ձեւի: Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորությունները ազգային անվտանգության եւ պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին: Նպատակը հետեւյալն է. մեկտեղ կենտրոնացնել պատասխանատվությունը եւ լիազորությունները: Եթե անհրաժեշտություն կլինի մանրամասնել, թերեւս, այս հարցը ձեզ շատ է հետաքրքրում, ես պատրաստ կլինեմ ավելի մանրամասն ներկայացնել: Այսպիսով մենք բացառել ենք «համակեցության» պայմաններում Հանրապետության Նախագահի ու վարչապետի անառողջ մրցակցության հնարավորությունը: Կարծում եմ՝ սա շատ կարեւոր է:

Ուզում եմ, որ դուք լիովին հասկանաք եւ գիտակցեք այդ փոփոխությունների իմաստը:

Ձեր աշխատանքի վրա այս փոփոխությունները որեւէ անդրադարձ չեն ունենալու եւ եթե ունենալու են, ապա միայն դրական տեսանկյունից: Այդ առումով որեւէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու:

Ազգային պաշտպանության կազմակերպման եւ կառավարման տեսանկյունից այս փոփոխությունը, ինչպես ասացի, միայն դրական ազդեցություն է ունենալու: Հայաստանի պետությունը շարունակելու է գուրգուրել եւ փայփայել իր անփոխարինելի եւ սիրելի զավակին՝ հայկական բանակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ