News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Փետրվարի 20-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունն Ավստրիայի զարգացման գործակալության հետ համատեղ դեսպանության «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր Հայաստանի օրգանական պարենային մթերքների եւ խմիչքների ցուցահանդես, որին մասնակցեցին օրգանական սննդամթերքի արտադրության ոլորտում Ավստրիայի զարգացման գործակալությունից եւ Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամից մեծ աջակցություն ստացած հայաստանյան 10 ընկերություններ:

Ցուցահանդեսին ներկա էին Ավստրիայի արտաքին քաղաքական գերատեսչության, էկոնոմիկայի եւ գիտության նախարարության, գյուղատնտեսության նախարարության, զարգացման գործակալության, առեւտրատնտեսական պալատի բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայի դաշնային խորհրդարանի պատգամավորներ, Վիեննայի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում հավատարմարգված դեսպաններ, Ավստրիայի մեծածախ ու մանրածախ առեւտուր իրականացնող խոշոր եւ միջին ընկերությունների ներկայացուցիչներ, գործարարներ:

Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի անունից բացման խոսքով հանդես եկավ դեսպանության առաջին քարտուղար Արսեն Առաքելյանը, ով մասնավորապես նշեց, որ ցուցահանդեսի բացման արարողությունն առանձնահատուկ նշանակություն ունի, քանզի տվյալ ձեռնարկով մեկնարկում է նաեւ Հայաստանի եւ Ավստրիայի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շարքը: Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի անկախության վերահաստատումից ի վեր Ավստրիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերած աջակցությանը, որի արդյունքներին ականատես եղան նաեւ ցուցահանդեսի հյուրերը:

Ավստրիայի զարգացման գործակալության տնօրեն Մարտին Լեդոլթերի անունից ողջույնի խոսքով հանդես եկավ գործակալության ծրագրերի եւ որակի վերահսկման դեպարտամենտի ղեկավար Էրվին Կյունցին, ով հակիրճ անդրադարձավ Հայաստանի օրգանական մթերքի արտադրության հնարավորություններին եւ վերջին տասնամյակում գործակալության կողմից ՀՀ ձեռնարկատերերի հետ իրականացվող ծրագրերին:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցավ հայկական արտադրության մթերքների եւ խմիչքների հյուրասիրություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ