News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Միջազգային կառույցների աջակցությամբ, Հայաստանում ընտրական օրենսդրության ոլորտում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել: Այս մասին, այսօր՝ մարտի 29-ին, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Իգնասիո Սանչես Ամորի հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ոողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ արձանագրեց, Հայաստանի եւ ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը եւ արժեւորեց Հայաստանում ընտրական գործընթացներում ԺՀՄԻԳ-ի արդեն 11-րդ անգամ դիտորդական առաքելության իրականացումը։

Հայաստանի արտգործնախարարը կարեւորեց ԺՀՄԻԳ-ի կողմից ընտրությունների դիտարկումը, ընտրական գործընթացների կատարելագործման նպատակով օժանդակության տրամադրումը, օրենսդրական բարեփոխումների հետ կապված ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ հաստատված փոխգործակցությունը։

Նախարարը շեշտեց, որ, միջազգային կառույցների աջակցությամբ, Հայաստանում ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հետ համագործակցաբար լրամշակվել է ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է նաեւ միջազգային համապատասխան կառույցների դրական գնահատականին։

Իգնասիո Սանչես Ամորը ներկայացրեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների դիտարկման ուղղությամբ իրականացվող քայլերը եւ տեղեկացրեց, որ դիտորդական առաքելության մեջ ներգրավված են երեք տասնյակ երկարաժամկետ եւ շուրջ երեք հարյուր կարճաժամկետ դիտորդներ, որոնք իրենց առաքելությունը կիրականացնեն Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում:

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց առաջիկա ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը եւ վերահաստատեց ԱԳՆ պատրաստակամությունը՝ իր իրավասությունների շրջանակներում օժանդակելու ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ