Արցախում գտնվող ցանկացած պատմամշակութային հուշարձան Արցախի Հանրապետության ժողովրդի սեփականությունն է, եւ այդ թվում՝ պարսկական մշակույթի հուշարձանների պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը մեր առաջնահերթ խնդիրներից է: Այս մասին հայտարարություն է տարածել ԼՂՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Շահվերդյանը՝ անդրադառնալով Շուշիի Գոհար Աղա /Վերին Ջումա/ Մզկիթի շրջակայքում հնագիտական պեղումների, մզկիթի եւ վերականգնողական աշխատանքների վերաբերյալ Ադրբեջանում շրջանառվող մեկնաբանություններին:
Հայտարարությունում ասվում է.
«2015 թվականից Արցախի Հանրապետությունը միացել է Հնագիտական ժառանգության պահպանության մասին եվրոպական եւ Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության կոնվենցիաներին, ինչը նշանակում է, որ այդ բնագավառում արցախյան կողմն իր վրա է վերցրել պարտավորություններ, որոնց անվերապահորեն հետեւում է: Շուշիի Վերին Մզկիթի վերականգնման աշխատանքների ամբողջ գործընթացը համապատասխանում է վերոհիշյալ կոնվենցիայի դրույթներին:
Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արցախի Հանրապետությունում պատմամշակությաին հուշարձանների ուսումնասիրման եւ վերականգնման ծրագրերը մշակվում եւ իրականացվում են անկախ ցանկացած երրորդ կողմի վերաբերմունքից եւ մեկնաբանություններից»: