News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանը պետք է ապագա կառուցի պատմության լավ իմացությամբ, ապագայի տեսլականով ու հետեւողական աշխատանքի միջոցով։ Այս երեք բաղկացուցիչ տարրերի համադրությունում անվտանգության բանաձեւն է։ Այս մասին հայտարարել է ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ Երեւանում տեղի ունեցող «Ազգ-բանակ 2017» համաժողովի ժամանակ իր ելույթի ընթացքում։

Նախարարի գնահատականով՝ երկրում ռազմական կրթությունը պահանջված է, ակնհայտ դրական վերաբերմունք կա սպաների ու զինծառայողների նկատմամբ։ «Այդ առումով ռազմական կրթությունը մրցակցությունից դուրս է»,-նշել է նա։ Պաշտպանության գերատեսչության ղեկավարն արձանագրել է, որ զինծառայողների միջին աշխատավարձը երկրում միջինից բարձր է։ Զինվորական ծառայությունը նաեւ երաշխավորված աշխատատեղ է ու կարիերայի աճ, հիշեցրել է նախարարը։

Նախարարը նաեւ հանրության դատին է ներկայացրել երկու նոր ծրագրեր եւ առաջարկել սկսել հանրային քննարկումներ։ Ոչ կառավարական հաստատություններում ու պետական կառույցներում եւս քննարկումներ տեղի կունենան։

Առաջին ծրագիրը պայմանականորեն կոչվում է «Պատիվ ունեմ» եւ կոչված է բարձրացնել հետաքրքրությունը սպայության նկատմամբ։ Գաղափարը բուհական տարկետումը ապագա սպայական ծառայությանը կապելն է, այսինքն՝  հատկացնել նրանց, ովքեր պատրաստ են ոչ թե զինվորական ծառայություն անցնել, այլ եռամյա վճարովի սպայական պարտք կատարել։ Ի տարբերություն ռազմական բուհերի շրջանավարտների, այդ սպաները պարտավորված չեն լինի ծառայության ավարտից հետո շարունակել այն։ Ծրագրվում է, որ աշխատավարձը կկազմի առնվազն 260 հազար դրամ։ Նրանց նաեւ ֆինանսական փոխօգնություն կառաջարկվի ծառայության ընթացքում։

Պետական հավատարմագրում ունեցող ցանկացած բուհ ընդունված յուրաքանչյուր երիտասարդ իրավունք ունի դիմել՝ այդ ծրագրում ընդգրկվելու համար։ Մի շարք պայմանների համապատասխանելու դեպքում (առողջական վիճակ, հրամանատարական ջիղը որոշելուն միտված հոգեբանական  թեստավորում, ուսման ընթացքում գնահատականի նվազագույն շեմի պահպանում) նա կարող է ընդգրկվել նշված ծրագրում՝ դառնալով սպայի կոչման հավակնող թեկնածու։ Սովորելով քաղաքացիական բուհում՝ նման երիտասարդները 2-րդ կուրսի սկզբից մինչեւ 4-րդ կուրսի առաջին կիսամյակը ներառյալ՝ յուրաքանչյուր շաբաթ օր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում պետք է այցելեն զինվորական պատրաստության դասընթացների։ Այդ ուսուցումը հաջող անցնելու եւ քաղաքացիական բուհի դիպլոմ ստանալու դեպքում քաղաքացին բակալավրի աստիճանին զուգընթաց ստանում է լեյտենանտի սպայական կոչում եւ երեք տարի ժամկետով ծառայության անցնում ՀՀ զինված ուժերում։ Ծառայությունը կազմակերպվում է քաղաքացիական  մասնագիտությունը հաշվի առնելով, սակայն բոլոր դեպքերում՝ 1-ին կարգի զորամասերում՝ առաջնագծում։ Ծառայությունը բարեհաջող ավարտելու դեպքում նա նաեւ ստանում է լրացուցիչ ֆինանսական բոնուս՝ իր ուսումնառության տարիներին ուսման վարձի չափով։ Իսկ ծառայության ավարտից հետո մագիստրատուրա ընդունվելու դեպքում փոխհատուցվում է նաեւ այդ կրթության վարձավճարը։

Երկրորդ ծրագիրը պայմանականորեն կոչվում է «Ես եմ»։ Ծրագիրը կոչված է խրախուսելու նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն իրականացնելու որոշումը։ Այն առաջարկում է առաջնագծում նոր՝ 1+1+2 ձեւաչափով ծառայություն։ Ծառայությունը կտեւի երեք տարի, սակայն դրանցից գումարային 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատության մեջ՝ սկսած 6-րդ ամսվանից, երբ իր ստորաբաժանումը կստանձնի մարտական հերաթապահությունը՝ յուրաքանչյուր ամիս ծառայելով 1+1+2 բանաձեւով։ Զինծառայողը կլինի մեկ շաբաթ արձակուրդում, մեկ շաբաթ զորամասում, իսկ երկու շաբաթ առաջնագծում մարտական հերթապահություն կանցնակցնի։

Այսպիսով, զորակոչվելուց հետո 5 ամիս ուսումնական փուլ անցնելով՝ նա կանցնի ծառայության, որի ընթացքում 31 ամսից 7-ը կանցկացնի տանը, իսկ 24-ը՝ զորամասում եւ մարտական դիրքերում։

Յուրաքանչյուր անգամ արձակուրդի գնալիս նրան որոշակի գումար կվճարվի՝ ծախսերը հոգալու համար։ Ծառայության ավարտին նրա անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված երիտասարդը կկարողանա օգտագործել նպատակային ծրագրերից մեկում՝ հիպոտեքային ծրագիր, փոքրիկ ֆիրմայի հիմնում, ուսման վարձի փոխհատուցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ