Ստամբուլի Թաքսիմի հրապարակի մոտակայքում ապրիլի 24–ի երեկոյան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառման ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել հայտնի թուրք իրավապաշտպան Մուրադ Չելիքհանը։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Թաքսիմի հրապարակին կից վայրում Հայոց ցեղասպանության 102–րդ տարելիցին նվիրված սգո միջոցառմանը իրավապաշտպան Մուրադ Չելիքհանն իր ելույթում նշել է, որ 102 տարի առաջ մի ամբողջ ժողովուրդ իր մշակույթով հանդերձ վերացվեց։ «Այդ մեծ ողբերգությունը միայն առերեսման միջոցով հնարավոր կլինի հաղթահարել»,–ասել է Չելիքհանը։ Նա անդրադառնալով Էրդողանի ցավակցական ուղերձին, հայտարարել է, թե փոխադարձ ցավերի մասին խոսելը ցավակցություն չէ։ «Արդեն 102 տարի եղավ։ Մի սպասեք դառնա 103 տարի։ Ներողություն խնդրեք»,–ասել է Մուրադ Չելիքհանը։