News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ ապրիլի 25-ին, ցուցմունք տվեց դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի անդամ, ՀՀ գլխավոր գինեկոլոգ-մանկաբարձ Ռազմիկ Աբրահամյանը:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռազմիկ Աբրահամյանը հայտարարեց, որ եթե ինքը լիներ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկների փոխարեն, հուլիսի 27-ի առավոտյան, երբ արդեն Մերի Մարգարյանի լաբորատոր հետազոտություններում շեղումներ էին հայտնաբերվել, կեսարյան հատում կաներ:

«Ըստ հիվանդության պատմագրի՝ Մերի Մարգարյանի մոտ ՀԵԼԼՓ սինդրոմի ախտանշաններն ի հայտ են եկել 2015թ. հուլիսի 27-ին առավոտյան: Մինչ այդ գիշերը նա ունեցել փսխում, թուլություն, չի բացառվում, որ այդ ժամանակահատվածում էլ ի հայտ եկած լինեն այդ նշանները, բայց քանի որ լաբորատոր հետազոտություններն արվել են ամսի 27-ին առավոտյան եւ նրա մոտ հայտնաբերված է եղել լյարդի ֆեգմենտների փոփոխում, տրոմբոցիտների քանակի նվազում, սրանք հենց խոսում են ՀԵԼԼՓ սինդրոմի մասին: Եթե ես լինեի, հենց այդ ժամանակ կեսարյան հատում կանեի»,- ասաց նա:

Ռազմիկ Աբրահամյանի գնահատմամբ, Մերի Մարգարյանին կարելի էր հոսպիտալացնել դեռ այն ժամանակ, երբ նա հղիությունը վարած բժշկուհուն հայտնել է, որ բարձր ջերմություն է ունեցել:

«Ընդհանրապես, հղիների համար բարձր ջերմություն է համարվում 38-ը, սակայն եթե հղին դիմում է բժշկին եւ ասում, որ նախապես ջերմություն է ունեցել, նա պետք է հոսպիտալացվի: Ցանկալի է եւ անհրաժեշտ հոսպիտալացումը»,- ասաց նա:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանի հարցին՝ հուլիսի 23-ին չհոսպիտալացնելը թերացո՞ւմ էր, Հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգը խուսափեց պատասխանել: Ինչ վերաբերում է կեսարյան հատման անհրաժեշտությանը, Ռազմիկ Աբրահամյանը նշեց, որ Մերի Մարգարյանի մոտ բացարձակ ցուցում չի եղել, սակայն երեխայի շահերից ելնելով՝ կարելի էր կեսարյան հատումն անել եւ հավանական է՝ երեխան փրկվեր:

«Կարելի էր նույնիսկ հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը, երբ Մերի Մարգարյանի մոտ փսխում էր եղել, անեսթեզիոլոգը խորհուրդ տար լրացուցիչ հետազոտություններ անել, որոնց արդյունքում էլ հնարավոր կլիներ ավելի շուտ ստանալ պատկերը, քան թե սպասել մինչեւ առավոտ»,- նշեց մասնագետը:

Ամբաստանյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը փորձագետից հետաքրքրվեցին՝ անեսթեզիոլոգն ու նյարդաբանն ինսուլտ էին կասկածում, այդ պայմաններում հնարավո՞ր էր կեսարյան հատում իրականացնել:

«Ելնելով պտղի շահերից՝ ցանկալի էր կեսարյան հատում անել՝ անկախ նրանից, թե ինսուլտ կասկածում էին, թե ոչ: Եթե ես լինեի, նորից եմ ասում, հուլիսի 27-ին առավոտյան կանեի կեսարյան հատումը»,- պատասխանեց Ռազմիկ Աբրահամյանը:

Նշենք, որ հուլիսի 28-ին Ռազմիկ Աբրահամյանը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մասնակցել էր հրավիրված կոնսիլիումին: Օրենքով, ի դեպ, չի կարող հանձնաժողովի կազմում ընդգրկվել մասնագետ, որը մինչ այդ հիվանդի բուժմանը մասնակցել է: Դատավոր Դավիթ Բալայանը զարմացավ՝ ինչպես կարող էր բուժման ընթացքին մասնակցած մասնագետն ընգրկվեր հանձնաժողովի կազմում եւ քննարկեր բուժման ամբողջ ընթացքը, այդ թվում «Էրեբունի» ԲԿ-ում: Ռազմիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը նախապես այդ մասին հայտնել է եւ առողջապահության նախարարությանը, թե հանձնաժողովային փորձաքննության հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին, սակայն այնուամենայնիվ որոշում է կայացվել իրեն ընդգրկել կազմում:

Դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց մայիսի 12-ին: Այդ օրը ցուցմունք կտա հանձնաժողովաի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015թ. հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ Հաջորդ օրը հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: Հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» ԲԿ-ում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Այս գործով երկու մեղադրյալ կա՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ