News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում նախարար Դավիթ Տոնոյանի եւ «Պահապան» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ինգա Հարությունյանի կողմից այսօր՝ ապրիլի 25-ին, ստորագրվել է Համագործակցության հուշագիր ՀՀ ԱԻՆ եւ «Պահապան» զարգացման հիմնադրամի միջեւ:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ սույն հուշագրով ամրագրվում է նախարարության եւ հիմնադրամի միջեւ համագործակցությունը ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում դպրոցների ու մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների վերանորոգման ծրագրի իրականացման գործընթացում:

Ծրագրի շրջանակներում կողմերը կայցելեն Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ՝ թաքստոցների ընտրության եւ դրանց վերանորոգման կարիքները համատեղ գնահատելու համար: ԱԻՆ-ը կտրամադրի մասնագիտական խորհրդատվություն թաքստոցների եւ շահագործման վերաբերյալ:

Հիմնադրամը կիրականացնի սահմանամերձ համայքների դպրոցների եւ մանկապարտեզների տարածքում գտնվող թաքստոցների նորոգումը եւ կահավորումը:

Կիրականացվեն համատեղ միջոցառումներ եւ համապատասխան տեղեկատվության փոխանակում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների երեխաների անվտանգության ոլորտում:

Թաքստոցները կահավորված են լինելու խաղալիքներով, ջրի պաշարներով, գրքերով եւ հեռուստացույցով, ինչը հնարավորություն կտա մեղմելու երեխաների սթրեսային վիճակը թաքստոցում եղած ժամանակահատվածում: Նման թաքստոց արդեն կառուցվել է Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում:

Նշենք, որ «Խաղաթաքստոց» ծրագրի շրջանակներում «Պահապան» զարգացման հիմնադրամը նախաձեռնել է նաեւ մասնավոր սեկտորի ներգրավումը ապահով եւ անվտանգ սահմանամերձ համայնքների կառուցման գործընթացում: «Օգնիր կառուցել հաջորդը» կարգախոսի ներքո միավորվելու են Երեւանում գործող մի շարք սրճարաններ (շուրջ՝ 20), որոնց հաճախորդները հնարավորություն կստանան իրենց ներդրումն անել սահմանամերձ համայնքներում երեխաների անվտանգ ներկայի ապահովման հարցում:

Տպել
Ամենաշատ