News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայոց  ցեղասպանության տարելիցը նշվել է Գերմանիայի Լեեր քաղաքում, որտեղ մոտ ժամանակներս երկու փողոցներ կանվանակոչվեն «Արմենիա» եւ «Երեւանյան»:

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին տեղադրված հայկական խաչքարի մոտ կրկին մարդաշատ էր։ Հիշատակման արարողությունը կազմակերպել է այդ քաղաքի միակ հայ Թովմասյան ընտանիքը՝ ի դեմս գերմանահայ Ալբերտ Թովմասյանի։ Ներկա են եղել բազմաթիվ գերմանացիներ, գերմանահայեր։ Միջոցառմանը մասնակցել են նաեւ Օստֆրիցլանդի փոխմարզպետ Սաշա Լաակենը, Լեերի քաղաքապետը, փոխքաղաքապետ Բրունո Շախները, Լեերի քաղաքային խորհրդի նախագահը, մշակույթի նախարարը, բարձրաստիճան այլ անձինք։ 

Ալբերտ Թովմասյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ հայկական խաչքարի  մոտ ծաղկեպսակներ են դրվել «Կանաչներ», «Էս պե դե» կուսակցությունների ղեկավարների, Լաուենբուրգ քաղաքի, Էմսլանդ մարզի հայերի, ինչպես նաեւ Ռուսաստանի «Белый лебедь» կալանավայրի հայերի անունից։  Գերմանիայի Լաուենբուրգ քաղաքում ապրող Սերյոժա Եղիազարյանն էլ Օստֆրիցլանդի փոխմարզպետին փայտյա խաչ է նվիրել։

Նշենք, որ 2015 թվականին Լեերում տեղադրվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար, իսկ  2016-ի  հոկտեմբերի  8-ին Լեերում նշվել էր «Էրեբունի-Երեւան» տոնը, որը նշանավորվել էր Հայկական պուրակի բացման հանդիսավոր արարողությամբ։ Եվրոպայում առաջին անգամ տեղադրվել էին Երեւանի հետ բարեկամությունը խորհրդանշող նստարաններ: 

Ալբերտ Թովմասյանի ծրագիրն է այժմ  հայկական պուրակին հարող փողոցը անվանակոչել Արմենիա, իսկ այգամիջյան փոքրիկ փողոցը՝  Երեւանյան։  «Դանքե Դոյչլանդ՝ Շնորհակալություն, Գերմանիա»՝ բանաստեղծություն է արտասանել Թովմասյանի որդին՝ Վալերի Թովմասյանը՝ գրավելով գերմանացի պաշտոնյաների ուշադրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ