News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ ապրիլի 28-ին,  իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Էկվադորի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է լատինաամերիկյան երկրների, այդ թվում՝ Էկվադորի հետ խորացնելու հարաբերությունները եւ հույս է հայտնել, որ դեսպան Խուլիո Սեսար Պրադո Էսպինոսան իր փորձառությամբ ու ակտիվ աշխատանքով հայ-էկվադորյան հարաբերությունները կբարձրացնի որակական նոր մակարդակի:

Նշելով, որ Լատինական Ամերիկայի երկրների հետ Հայաստանը գլխավորապես կապված է արժեմշակութային թելերով, որը հարյուր հազարավոր հայերի համար անցյալ դարասկզբին հիմք է հանդիսացել Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ ապաստան գտնել այդ երկրներում, Հանրապետության Նախագահը կարեւորել է բարեկամական կապերի ամրապնդումն ու միջպետական մակարդակով տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:

Դեսպան վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում ջանք չի խնայի զարգացնելու Հայաստանի եւ Էկվադորի միջեւ հարաբերությունները եւ համագործակցությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Հանդիպմանը դեսպանը նաեւ իր առաջարկներն է ներկայացրել Նախագահին՝ տարբեր ոլորտներում հայ-էկվադորյան փոխգործակցության ներուժը լավագույնս օգտագործելու ուղղությամբ:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական մակարդակով եւս երկու երկրների միջեւ շփումների ակտիվացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ