News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի փաստաբանների պալատը կարգապահական վարույթ է հարուցել երեկ՝ ապրիլի 27-ին տեղի ունեցած հարձակման բոլոր կողմերի, թե ծեծի ենթարկված Տիգրան Աթանեսյանի ու Արմեն Սողոմոնյանի, թե նրանց վրա հարձակում գործած իր աշխատակիցների նկատմամբ։

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր ասուլիս է տվել պալատում, Սիմոն Բաբայանի ասուլիսից անմիջապես հետո եւ հայտարարել, թե ցավալի միջադեպ է արձանագրվել։ «Այն արձանագրվել է մարդկանց իրավունքները պաշտպանող փաստաբանների միջեւ, որը առավելապես սրում է իրավիճակը, քանի որ մարդիկ, եթե իրենց իրավունքների պաշտպանություն են ակնկալում, դիմում են փաստաբանների: Իսկ երբ փաստաբաններն իրենց հարցերը լուծում են այն եղանակով, որը հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը, դա առաջացնում է որոշակի մտահոգություն»,- ասելէ  Զոհրաբյանը՝ համենայն դեպս դատապարտելով ցանկացած ոտնձգություն՝ վիրավորանք, բռնություն, թե հայհոյանք: «Դրանք անթույլատրելի են: Փաստաբանների պալատը կարգախահական վարույթ է հարուցել բոլոր մասնակիցների նկատմամբ եւ գործի քննության ընթացքում կպարզենք մեղավորներին եւ կենթարկենք համապատասխան պատասխանատվության»,- ասել է Զոհրաբյանը: Նա նշել է, թե դեպքի հանգամանքները բազմակողմանի չի իմանում, բայց մի բան ակնհայտ է՝ փաստաբանության վարկանիշը կարող է փոխվել:

Դիտարկմանը,թ ե հարձակման ենթարկված Տիգրան Աթանեսյանն այս ամենում մեղադրում է իրեն՝ Արա Զոհրաբյանին, նա պատասխանեց. «Միջադեպի հետ կապված կարգապահական վարույթ կհարուցվի, կհասկանանք՝ ինչ է տեղի ունեցել: Ես բնականաբար տեղյակ չեմ եղել: Եթե եղել է սեռական բնույթի հայհոյանքներ, ըստ մամուլի, եւ Սիմոն Բաբայանը գնացել է հարաբերություն պարզելու կամ չգիտեմ ինչ ճշտելու, հակընդդեմ հարց տամ. Ի՞նչ կապ ունեմ ես: Այսինքն ես պետք է թույլ տա՞մ, որ ինձնից թույլտվություն հարցնի անձը, որը հայհոյախառն գրառման համար գնացել է հարաբերություններ ճշտելու»:

Հարցին՝ արդյոք որոշակի տարբերություն չէ՞, որ կողմերից մեկը ասուլիս տալու հնարավորություն է ստացել ՓՊ-ում, Արա Զոհրաբյանը պատասխանեց, որ ցանկացածը կարող է այստեղ ասուլիս հրավիրել: Սիմոն Բաբայանը չպե՞տք է հրաժարական տա, այս հարցին էլ Արա Զոհրաբյանը նշեց, որ ինքն օրենքով չի կարող հրաժարական պահանջել, իսկ մնացածի համար իրեն ժամանակ է հարկավոր՝ կատարվածը մարսելու համար:

Զոհրաբյանը նշեց, որ Աթանեսյանի ու Սողոմոնյանի հետ չի խոսել, նպատակահարմար էլ չի գտել գնալ դեպքի վայր, բայց հընթացս փորձելու է կողմերին հաշտեցնել: Ինչու են հենց իրեն պարբերաբար տարբեր բաների մեջ մեղադրում եւ արդյոք այդ ստատուսների կարգապահական վարույթի պատճառ չէ՞ այսօր տեղի ունեցողը, Արա Զոհրաբյանը պատասխանեց. «Վստահ եմ, որ բոլորդ կունենաք ձեզ ընդդիմախոսներ, դա նորմալ բան է, չի կարող լինել մեկը, որին բոլորը պետք է ընդունեն: Անձամբ ես սրանում անձնավորված բան եմ տեսնում, ես զրպարտություններն ու բամբասանքները չեմ կարող մեկնաբանել: Ինձ կոնկրետ փաստեր ասեք: Ասում են՝ Արա Զոհրաբյանն է մեղավոր այս ամենում: Ի՞նչ եմ արել ես. Ներշնչել եմ Տիգրան Աթանեսյանի՞ն, որ նման ստատուս գրի, ներշենչել եմ Սիմոն Բաբայանի՞ն, որ գնա, պարզաբանում պահանջի: Հարգելի գործընկերներ, ունենք 1800 փաստաբան, լարվածություն առաջացողները քանի՞ հոգու մեջ են, 10 հոգու, նրանց հետ չեմ հանդիպել ես»:

Կարծիքներ կան, որ այս ամբողջ պատմությունը սկսվել է, երբ Աթանեսյանը բարձրացրել է Արա Զոհրաբյանի դիպլոմի անվավերության հարցը, քանի որ պարզվել է, որ «Գլաձոր» համալսարանում սովորելու հինգ տարիների ընթացքում ՓՊ նախագահը հաջողացրել է երկու տարի ծառայել բանակում։ Այս կապակցությամբ Արա Զոհբարյանը պատասխանեց. «Ես սովորելու ընթացքում ծառայել եմ բանակում, չեմ հաջողացրել, հպարտությամբ եմ ասում, մարտական դիրքերում էլ եմ մասնակցել: Եթե որեւէ հարց կա Աթանեսյանի մոտ, կարող է դիմել դատարան կամ իրավապահ մարմիններին: Սիմոն Բաբայանն ի՞նչ կապ ունի, հայհոյախառը գրառումն ի՞նչ կապ ունի: Այ հիմա դուք լրագրողական այլ ուղղություն եք տանում, այլ բան եք ուզում գտնել: Հասկանում եմ, որ քաղաքական դաշտում տեղեկատվության սակավություն կա, եւ լրատվական դաշտը ինֆորմացիայի կարիք կա: Հիմա խնդիրը հետեւյալն է. Ի՞նչ կապ ունի դա Տիգրան Աթանեսյանի կողմից հայհոյախառն մեկնաբանություն գրելու հետ»: Ընդ որում, Զոհրաբյանն ինքը ֆեյսբուքյան այդ խմբում չկա, մեկնաբանություններին էլ, իր խոսքով, ծանոթացել է մամուլից։ Ծեծի ենթարկված Տիգրան Աթանեսյանին էլ մեղադրում է իր նկատմամբ անհանդուրժող վերաբերմունքի մեջ։

ՓՊ-ն վարույթ է հարուցել, իսկ Արա Զոհրաբյանը չի ցանկանում գնահատականներ ու որակումներ տալ Աթանեսյանի գրասենյակում կատարվածին, իր ղեկավարած կառույցի անդամ փաստաբան Արմեն Սողոմոնյանի՝ ծանր վնասվածք ստանալուն։

Սոցցանցերում դեպքից հետո շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ, թե հարձակում գործած անձանցից որոշները նախկինում էլ խնդիրներ եւ միջադեպեր են ունեցել այլ փաստաբանների հետ, այլ գրասենյակներում, Արա Զոհրաբյանը պատասխանեց, թե մանրամասն չի կարող ասել, նման հաղորդւոմ, գրություն չի ստացել, իսկ լրագրողներն էլ իրեն շեղող հարցեր են տալիս։

Վերջում էլ կրկին հայտարարեց, թե հայհոյախառն, լկտի գրառումներ է կարդացել, որոնք ուղղված են եղել Սիմոն Բաբայանին:

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանը հայտարարել էր, թե Սիմոն Բաբայանը, ՓՊ նախագահի խորհրդականներ Գեւորգ Մկրտչյանն ու Վրեժ Խաչիկյանը եւ ոմն Արսեն հարձակվել են իր գրասենյակի վրա։ Արմեն Սողոմոնյանը լուրջ վնասվածքներ էր ստացել։ Նրա խոսքով, իրեն ինչ-որ առարկայով հարվածել էր հենց Սիմոն Բաբայանը։

Ի դեպ, Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը ՓՊ նախագահի ընդդիմախոսներն են, բազմիցս բարձրաձայնել են պալատում ստեղծված իրավիճակի եւ բարքերի մասին։ Իսկ դեպքից հետո էլ պնդեցին, թե այս ամենի ետեւում հենց Արա Զոհրաբյանն է կանգնած։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ