News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն. առկա է տնտեսական փոխգործակցության զարգացման մեծ ներուժ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել լիբանանյան բիզնեսին: Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարար Մայքլ Ֆարաոնի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին կառավարությունում՝ վարչապետը հույս է հայտնել, որ պարոն Ֆարաոնի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի հայ-լիբանանյան խորը արմատներ ունեցող հարաբերություններին, բիզնես կապերի զարգացմանը, առեւտրաշրջանառության ծավալների ավելացմանը: Նշելով, որ ներկայում ՀՀ-ում գործում է լիբանանյան կապիտալով 211 ընկերություն՝ Կարեն Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ առկա է տնտեսական փոխգործակցության զարգացման մեծ ներուժ, Հայաստանը կարող է հետաքրքիր լինել լիբանանյան բիզնեսին ոչ միյան իր, այլ նաեւ Եվրասիական տնտեսական միության ու իրանական շուկա մուտք գործելու տեսանկյունից:

Այդ առումով, վարչապետն անդրադարձել է ԵՏՄ շուկայի առավելություններին, Իրանի հետ սահմանին Ազատ տնտեսական գոտու հնարավորություններին: Կարեն Կարապետյանի խոսքով, Հայաստանի ու Լիբանանի համագործակցության ոլորտները կարող են լինել բազմաթիվ՝ առողջապահություն, դեղագործություն, հանքարդյունաբերություն, վերականգնվող էներգետիկա, ենթակառուցվածքներ եւ այլն: Գործադիրի ղեկավարը կարեւորել է հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը՝ երկկողմ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու եւ դիվերսիֆիկացնելու համատեքստում: Կարեն Կարապետյանը խնդրել է նաեւ իր ջերմ ողջույնները փոխանցել Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին:

Լիբանանի բիզնեսի պլանավորման հարցերով պետական նախարարը եւս կարեւորել է երկու երկրների միջեւ տնտեսական կապերի խթանումը եւ հավելել, որ տպավորված է Հայաստանում գործարար միջավայրի բարելավման ու արտաքին ներդրողների համար բարենպաստ պայմանների տրամադրման ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած քայլերից: Մայքլ Ֆարաոնն ընդգծել է, որ այդ ամենը ներկայացվելու է լիբանանյան գործարար հատվածին, որը շահագրգռված է Հայաստանի միջոցով ԵԱՏՄ եւ Իրանի շուկա մուտք գործելու հարցում: Նա տեղեկացրել է, որ հայաստանյան գործընկերների հետ արդեն իսկ քննարկվում է լիբանանյան կապիտալով Հայաստանում երկու ներդրումային ծրագրի իրականացման հարցը, որոնք ուղղված են առողջապահության ոլորտին եւ կենցաղային իրերի արտադրության գործարանի հիմնմանը:

Վարչապետ Կարապետյանը ողջունել է ներդրումային ծրագրերի իրականացումը, նշել, որ առողջապահության ոլորտում կառավարությունը իրականացնում է համարձակ ու տրամաբանական բարեփոխումներ: Վարչապետի խոսքով, կառավարությունը շահագրգռված է ոչ միայն լիբանանյան կապիտալի, այլ նաեւ բիզնես մշակույթի մուտքով Հայաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ