News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը: Այս մասին, աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Facebook-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Մայիսի 1-ին աշխարհի 142 երկրներում նշում են Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային տոնը:

Դարերի ընթացքում աշխարհը ընդունել է հայ մարդուն՝ որպես հյուրընկալության, աշխատասիրության խորհրդանիշ, որը չէր կարող զատված լինել իր ժողովրդի պատմությունից եւ անհերքելիորեն կրելու էր բոլոր արհավիրքների, պատերազմների կնիքները:

Այսօր չի ավարտվել մեր գոյության պայքարը, չեն լռել մահաբեր զենքերը, եւ հայ մարտիկը, վայր չդնելով իր զենքը, շարունակում է քարը քարին դնել՝ ջրելով հողը իր քրտինքով, երբեմն նաեւ սեփական արյամբ: Սահմանապահ զինվորի ծառայությունը, սահմանամերձ գյուղերի բնակիչների ամենօրյա քրտնաջան աշխատանքը կարծես սրբազան ծես են դառնում, դառնում են հայ մարդու ստեղծագործ մտքի, երկաթե կամքի եւ ամենօրյա համառ արարումների մի ապրեցնող ու հերոսական պատմություն:

Այսօր յուրաքանչյուրս պարտք ունենք մեր հայրենիքի, հերոսացած մարտիկների շիրիմների, նրանց սեւազգեստ մայրերի, սահմանը պահող զինվորների, հողի անխոնջ մշակների առջեւ:

Թող մեր պետության մեջ գոյություն ունեցող անարդարություններն ու բացթողումները ոչ թե հիասթափեցնեն մեզ, այլ բազմապատկեն մեր տոկունությունը, իմաստությունն ու արիությունը ՝ դառնալով պայքարի պատրաստ լինելու նոր կոչ, որովհետեւ այսօր էլ սահմանին ընդհատվող երիտասարդ կյանքերը, հակառակորդի մասշտաբային զորավարժությունները յուրահատուկ հաղորդագրություն են ապագա մարտահրավերների եւ սպառնալիքների մասին, որոնց լրջորեն չնախապատրաստվելը կբերի անդառնալի հետեւանքների:

Սիրելի´ հայրենակիցներ, սահմանն անառիկ պահող զինվորներ եւ հրամանատարներ, սահմանամերձ գյուղերում ապրող մշակներ եւ հողագործներ, քաղաքացիական կյանքում ամեն օր հերոսացող ուսուցիչներ, բժիշկներ, մտավորականներ, այսօր բոլորի´ս տոնն է, որովհետեւ մեզանո´վ՝ մեր անմնացորդ նվիրումով ու տքնաջան աշխատանքով է կանգուն Հայաստանը, մեզանո´վ է անառիկ Արցախը:

Թող գալիքը հայ ժողովրդի համար նշանավոր դառնա նորանոր հաղթանակներով եւ ազգային երազանքների իրականացմամբ: Բոլորին խաղաղ արարումի բերկրանք եմ մաղթում»:

Տպել
Ամենաշատ