News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունը խրախուսում է էներգետիկ դիվերսիֆիկացման ու կանաչ էներգիայի արտադրությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Երեւանում մեկնարկած Հայաստանում վերականգնվող էներգիայի զարգացման հեռանկարներին նվիրված մեկօրյա համաժողովի ժամանակ նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«25 տարի առաջ ԱՄՆ պետքարտուղարությունում ես նորանկախ Հայաստանի Հանրապետության հետ կապված հարցերով էի զբաղվում, շատ լավ եմ հիշում այդ ժամանակները: Ձեր մեջ էլ կարծում եմ կան այն տարիքի մարդիկ, ովքեր կհիշեն, որ անկախության առաջին տարիներին Հայաստանում էներգետիկ իրավիճակը շատ անկայուն էր: Հոսանքի անջատումները կանոնավոր բնույթ ունեին: Մարդիկ ծառեր էին հատում, որպեսզի տները ջեռուցեին: Իրական ճգնաժամ էր: Սակայն Հայաստանը մթության ու սղության առջեւ տեղի չտվեց, այլ բարեկամների ու գործընկերների օգնությամբ, ինչպիսին է՝ Միացյալ Նահանգները, կարողացավ դառնալ մի երկիր, որն ի վիճակի է հոգալ սեփական կարիքները, եւ դեռ ավելին, կարող է արտահանել էլեկտրաէներգիայի ավելցուկը», - ասաց դեսպան Միլսը:

Նա ընդգծեց էներգետիկ դիվերսիֆիկացման ու կանաչ էներգիայի արտադրությունը խրախուսելու ուղղությամբ ՀՀ կառավարության արժեքավոր աշխատանքը, այդ թվում եւ հունվարին կազմակերպված Արեւային էներգետիկայի ներդրումային համաժողովը: Դեսպանը նաեւ նշեց այս ոլորտում ԱՄՆ-ի ու Հայաստանի գործակցության մասին, մասնավորապես՝ անցած ամիս հայաստանյան պաշտոնյաների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար կազմակերպված ճանաչողական այցը դեպի ԱՄՆ, որտեղ նրանց ներկայացվեց արեւային էներգիայի արտադրության լավագույն փորձը:

Համաժողովին իրենց փորձը ներկայացնելու եւ Հայաստանում առկա գործարար հնարավորություններին ծանոթանալու համար ներկայացուցիչներ էին գործուղել յոթ ամերիկյան ընկերություններ՝ Հանիվել Բիլդինգ Սոլյուշենս, Հանիվել Սմարթ Էներջի, ՄաքԼին Փաուեր Սիսթեմզ, Ֆերսթ Սոլար Փաուեր Սոլյուշենս, Կատերպիլար, Ջեներալ Էլեկտրիկ եւ Կոնտուր Գլոբալ: Համաժողովին զեկուցումներով հանդես եկան նաեւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Գերմանիայի զարգացման KfW բանկի, Ամերիա բանկի, շվեյցարական Meeco Group-ի եւ ՀՀ կառավարության ներկայացուցիչները:

«Առաջնորդելով վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացման եւ էներգախնայողական ծրագրերին ուղղված աշխատանքները՝ ՀՀ կառավարությունը մշակել եւ ներդրել է մեխանիզմներ եւ ծրագրեր, որոնք թույլ են տալիս զարկ տալ վերականգնվող եւ արեւային էներգիայի աճին Հայաստանում: Իսկ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է շարունակել գործակցությունը Հայաստանի հետ, ինչպես եղել է վերջին 25 տարիների ընթացքում», - ասաց դեսպան Միլսը:

Նշենք, որ Համաժողովը կազմակերպել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության եւ Կոնտուր Գլոբալ ընկերության հետ համատեղ: Համաժողովին մասնակցում են վերականգնվող էներգիայի մի քանի առաջատար ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներ եւ շուրջ 70 հայկական ընկերություններ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ