Լոռու մարզի Գուգարք գյուղում կինը ամուսնուն սպանել է ընտանեկան վեճից հետո։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, թե ժամանած ոստիկաններին 32-ամյա Լիանա Կ.-ն ներկայացրել է «Մակարով» տեսակի ատրճանակը, որով կրակել է ամուսնու՝ Տիգրան Մարտիրոսյանի վրա։

Հարեւանների փոխանցմամբ, տանից միշտ վեճի ձայներ են լսվել, իսկ այսօր նաեւ կրակոցներ։

Հիշեցնենք՝ այսօր՝ մայիսի 25-ին, սպանություն է տեղի ունեցել Վանաձորում: Ժամը 00:50-ին, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Գուգարքի բաժին,  որ իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի 33-ամյա բնակչի դիակը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը, եւ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել, որ 33-ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքն ստացել է տանը՝ կնոջ հետ վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ ժամը 00:00-ի սահմաններում, ամուսնու հետ առաջացած վիճաբանության ժամանակ Լոռու մարզի 32-ամյա բնակչուհին «Մակարով» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել ամուսնու ուղղությամբ ու սպանել նրան:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասերով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում 32-ամյա կինը ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը: Նույն օրը վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Տիգրան Մարտիրոսյանը տարիներ առաջ սպանված քրեական հեղինակություն «Ճաճոյի Էդոյի» որդին է։ «Ճաճոյի Էդո» մականունով Էդիկ Մարտիրոսյանը, նրա որդին` ժորա Մարտիրոսյանը եւ ազգականը սպանվել էին 2004 թվականի օգոստոսի 3-ին ժամը 16.30-ի սահմաններում Վանաձորից դեպի Ալավերդի տանող ճանապարհի առաջին կիլոմետրի հատվածում։ Նրանց մեքենան գնդակոծել էին։