News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Գոգհովիտ գյուղի միջնակարգ դպրոցն այս տարի մեկ շրջանավարտ ուներ: NEWS.am-ի հետ զրույցում գյուղի միակ շրջանավարտը՝ Աննա Ներսիսյանը, պատմեց, որ սովորել է 11-րդ դասարանցիների հետ:

«Մեր դպրոցում բոլոր դասարաններն էլ երկկոմպլեկտ են, քանի որ աշակերտների թիվը քիչ է: 12 դասարանի փոխարեն դպրոցում գործում է 6 երկկոմպլեկտ դասարան: Օրինակ, ես սովորել եմ 11-րդ դասարանցիների հետ, իմ դասարանում 11-րդ դասարանցի 3 աշակերտ կա ու ես: Դասի կեսը նվիրվում էր իրենց, մնացածը՝ ինձ: Դե ճիշտ է, վատ է, որ քիչ ենք, բայց մի կողմից էլ ինձ համար առավելություն կար: Երբ որ իրենց դասի հերթն էր, ես լսում էի ու դա ինձ համար կրկնության պես բան էր, նորից սովորում էի: Դե քանի որ ես էլ ուզում եմ ուսումս շարունակել, շատ մեծ առավելություն է դա»,- պատմեց Աննան:

Աննան նշեց, որ մեծ ոգեւորությամբ է պատրաստվել «Վերջին զանգին» եւ շատ ուրախ է, որ այն լավ է անցել:

«Շատ լավ անցավ, ունեինք ոտանավորներ, երգեցինք, հումորային համար ունեինք, ուղղակի, որ ես եմ մենակ շրջանավարտ, ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկել էր ինձ վրա, բայց ուրախ անցավ: Հիմա միասնական քննության պիտի մասնակցեմ, որ ընդունվեմ Գյումրիի մանկավարժական համալսարանի թարգմանչական գործ բաժինը»,-նշեց Աննան:

Աննան երազում է համալսարանն ավարտել ու իր լուման ներդնել հարազատ գյուղի զարգացմանը: Նրա խոսքով, գյուղի բնակչությունը քչացել է, աշխատատեղեր չկան եւ շատերը հեռանում են գյուղից՝ արտագնա աշխատանքի:

Գոգհովիտի միջնակարգ դպրոցի տնօրեն Նազան Գրիգորյանի խոսքով՝ աշակերտների թվի նվազումը կապված է սոցիալական վիճակի հետ. «Մարդկանց սոցիալական վիճակն է վատ, երիտասարդները չեն ամուսնանում, ծնելիությունը նվազում է գյուղում, աշխատանք չկա ու գյուղն էլ դատարկվում է: Ծնողներն էլ ավելի գիտակից են, կրթության արժեքը լավ գիտեն ու նախընտրում են ընտանիքներով հեռանալ գյուղից, որ երեխաները պատշաճ կրթություն ստանան»,- ասաց տնօրենը:

Նշենք, որ Գոգհովիտ համայնքի դպրոցը հիմնովին վերանորոգված է, այն ունի 41 աշակերտ:

Տպել
Ամենաշատ