News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի առաջին Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, Երեւանում տեղի ունեցավ «Ավրորա» մարդասիրական մրցանակների հանձնման արարողությունը:

Արարողությունը մեկնարկեց Հայաստանի պատմության, Ցեղասպանության, Ավրորա Մարդիգանյանի (որին նվիրված է մրցանակաբաշխությունը), մերօրյա հերոսների մասին փաստագրական ֆիլմի ցուցադրությամբ, որոնք օգնում են մարդկանց դժվարագույն իրավիճակներում: Ֆիլմը ցուցադրվել է Սերժ Թանկյանի «Ավրորայի երազանքը» կոմպոզիցիայի ուղեկցությամբ՝ Հայաստանի Երիտասարդական նվագախմբի կատարմամբ՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Արարողությանը ելույթ ունեցավ «Ավրորա 2016» մրցանակաբաշխության հաղթող, Բուրունդիի REMA հիվանդանոցի եւ «Շալոմ տուն» ապաստարանի հիմնադիր Մարգարեթ Բարանկիտսը: Նա նշեց, որ «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանն ու Վարդան Գրեգորյանը փոխեցին աշխարհը:

Հնչեց Բախի ռե մինոր տոկատտան եւ ֆուգան՝ ազգային նվագարանների կատարմամբ: Այն կատարեցին Հայաստանի Երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, եւ մեկական երաժիշտ այն երկրներից, որտեղից են «Ավրորա» մրցանակի հավակնորդները:

Մրցանակի հավակնորդներին շքանշաններ շնորհելու համար բեմ հրավիրվեցին Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սիդիլգոն, «Սեպտեմբեր 11» թանգարանի տնօրեն Ալբերտ Ավդալյանը, քաղաքական գործիչ Էդվարդ Դերեջյանը, ռուս դերասան, ռեժիսոր Կոնստանտին Խաբենսկին, Նոբելյան մրցանակակիրներ Շիրին Էբադին եւ Լայմա Գբովին, հոլանդացի գործարար Փոլ Փոլմանը, Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ Գարեթ Էվանսը, «Գազպրոմ մեդիա»-ի ղեկավար եւ «ՏՆՏ Տելեսել»-ի գլխավոր տնօրեն Արթուր Ջանիբեկյանը եւ այլք: Արարողությանը ներկա էին Շառլ Ազնավուրը եւ «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:

Արարողությունը վարողը՝ գրող, The Washington Post-ի թղթակից Դեյվիդ Իգնատիուսը, հայտարարելով յուրաքանչյուր երկրից եզրափակիչ անցածի անունը, մեջբերում էր անում օրորոցային երգերից, որ երեխաներին երգում են այդ երկրներում:

Սոմալիից «Ավրորա»-ի հավակնորդ Ֆարթուն Ադանի աչքերը ելույթ ունենալիս արցունքով լցվեցին: «Ինձ համար շատ կարեւոր է, որ դուք հիշում եք այն մասին, ինչ տեղի է ունենում Սոմալիում»,- ասաց նա:

Կոնգոյի Դեմոկրատական հանրապետությունից վիրաբույժ-գինեկոլոգ Դենիս Մուկվեգեն իր ելույթում նշեց. «Կանայք կյանք են տալիս, նրանք առանձնահատուկ վերաբերմունքի կարիք ունեն»:

««Ավրորա»-ն հայերն են հիմնել, բայց մենք տառապանքի մենաշնորհ չունենք, ինչպես նաեւ, ցավոք, դրանից ազատելու եզակի միջոց: Բայց գուցե մենք կարողանանք ճանապարհ հարթել ուրիշների համար: Հույս ունենք, որ «Ավրորա»-ի տեսլականն աստիճանաբար կկիսի ամբողջ աշխարհը»,- հայտարարեց Դեյվիդ Իգնատիուսը՝ բեմ հրավիրելով Աֆղանստանից մրցանակի հավակնորդ Ջամիլիա Աֆղանիին:

«Ես Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելեցի, ծաղիկներ դրեցի, արտասվեցի»,- պատմեց Ջամիլիա Աֆղանին ու կրկին արտասվեց. «Հազարավոր մարդիկ են զոհվել իրենց կրոնի, ինքնության համար: Եվ հիմա Աֆղանստանում եղբայրը եղբորն է սպանում, ընդ որում՝ միեւնույն կրոնի: Եկեք ձեռք ձեռքի տանք եւ կանխենք ցեղասպանության կրկնությունը: Միասին մենք կարող ենք դա անել, առանձնաբար՝ ոչ»,- ասաց նա:

Մեծ թատրոնից Մարիա Վինոգրադովան ու Դենիս Ռոդկինն Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ից հատվածներ կատարեցին՝ Օպերայի եւ բալետի թատրոնի նվագակցությամբ՝ Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:

Աշխարհահռչակ երգչուհի Մարիա Գուլեգինան կատարեց Առնո Բաբաջանյանի վոկալիզը:

Արթուր Ջանիբեկյանը հակիրճ ելույթ ունեցավ՝ Արցախը կոչելով հայերի մեծագույն ձեռքբերումը երկարատեւ կորուստներից ու ողբերգություններից հետո: «Ներողություն եմ խնդրում, որ բոլորի ուշադրությունը հրավիրում եմ ներհայկական խնդրի շուրջ, բայց ինձ համար դա շատ կարեւոր է»,- ասաց նա եւ հավելեց, որ Հայաստանն այսօր համաշխարհային մարդասիրության կենտրոն է դարձել, այն հառնել է մոխրից ու այսօր բոլորին ասում է. մենք կանք, եւ մենք կարող ենք բարեգործություն անել»:

«Ուզում եմ շնորհավորել ընտրող հանձնաժողովին, նրանք ինձ ստիպեցին երկար տարիներ ի վեր առաջին անգամ կոստյում հագնել»,- ասաց Քաթինան՝ հավելելով. «Մարդիկ ինձ հարցնում են, թե ինչն է ամենադժվարն իմ աշխատանքում: Պատասխանը շատ պարզ է. երբ քո հիվանդը մահանում է: Պարզապես անտանելի ցավ է: Սարսափելի այրվածքներով երեխաները մահանում են ձեռքերիդ մեջ: Դու ամբողջ աշխարհի ցավն ես զգում, չես կարողանում շնչել»:

Հայտնի երգչուհի Աննա Մայիլյանը կատարեց ամենահայտնի հայկական օրորոցայինը՝ «Արի՛, իմ սոխակ»-ը: Դահլիճից նրան ընկերակցեցին ռուսաստանցի հայտնի գործարար եւ երաժիշտ Վլադիմիր Ավետիսյանն ու Արցախից պատանի երգիչ, «Եվրատեսիլ 2015» մանկական երգի մրցույթի հաղթող Միկան (Միքայել Վարոսյան), ինչպես նաեւ նվագակցում էր Հայաստանի պետական կամերային երգչախումբը:

Այնուհետեւ փաստագրական ֆիլմ ցուցադրվեց այն մասին, թե ինչպես է նկարահանվել «Խոստումը» գեղարվեստական ֆիլմը, ներկայացվեց ամերիկյան հայտնի դերասան, բարերար, «Ավրորա»-ի ընտրող հանձնաժողովի անդամ Ջորջ Քլունիի տեսաուղերձը:

«Ավրորա» մրցանակի հավակնորդ, Սիրիայի դաշտային հոսպիտալներից մեկի բժիշկ Մուհամմադ Դարվիշը չէր կարողացել Հայաստան ժամանել՝ արարողությանը ներկա գտնվելու. նրա մասին նույնպես ֆիլմ ցուցադրվեց:

Մրցանակակրի անունը հայտարարելու համար բեմ բարձրացան «Ավրորա» մրցանակաբաշխության հիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Ռուբեն Վարդանյանն ու Նուբար Աֆեյանը:

«Ես ելույթի տեքստ էի գրել, բայց այն գրպանս դրեցի, որպեսզի սրտիցս խոսեմ»,- ասաց Վարդան Գրեգորյանը՝ հիշելով Գալիլեյի խոսքերը. «Թող անիծվի այն Երկիրը, որը հերոսների կարիք ունի»: Նուբար Աֆեյանն իր ընտանիքի անունից լրացուցիչ դրամաշնորհներ խոստացավ «Ավրորա» մրցանակաբաշխության բոլոր հավակնորդների համար: Ռուբեն Վարդանյանն էլ պատմեց, որ ուսումնասիրելով Հայաստանի պատմությունը՝ զարմացել է, թե որքան մարդ է վտանգի ենթարկել կյանքը՝ հայերին փրկելու համար: «Ես հասկացա, որ մենք պետք է իմանանք այդ մարդկանց մասին»,- ասաց նա:

«Ավրորա 2017»-ի մրցանակակրի անունը հայտնեց Շառլ Ազնավուրը: Այս տարվա մրցանակակիրը միսիոներ, Սուդանի Mother of Mercy հիվանդանոցի հիմնադիր Թոմ Քաթինան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ