News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես համայնքում Հանրապետության տոնը կրկնակի ուրախության է վերածվել: «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնությունը հենց այս հատկանշական օրն էր ընտրել սահմանապահ համայնք այցելելու եւ բնակիչներին  լուսադիոդային էներգախնայող (LED) լամպեր տրամադրելու համար:

Մովսես այցելության առաջին կանգառը եղել է գյուղապետարանը, որտեղ նախաձեռնության կամավորական թիմը հանդիպել է համայնքի ղեկավարին եւ մի խումբ բնակիչների, ներկայացրել ծրագրի նպատակը, լուսադիոդային (LED) լամպերի առանձնահատկությունները եւ էներգախնայողության հնարավորությունները: Այնուհետեւ կամավորները բաժանվել են առանձին խմբերի եւ, տնետուն այցելելով, յուրաքանչյուր ընտանիքի հատկացրել 5-ական լամպ եւ նաեւ դրանք փոխել տեղում:

  Կամավորական թիմին էր միացել նաեւ ամերիկահայ մեր հայրենակիցը, ով մեծ ոգեւորվածությամբ հին լամպերը փոխարինում էր լուսադիոդայիններով: Սահմանապահ մովսեսցիները մեծ ուրախությամբ են դիմավորել թիմին եւ, ստանալով լուսադիոդային էներգախնայող լամպերը, վստահությամբ նշել, որ քիչ էլեկտրաէներգիա սպառելու արդյունքում խնայողությունը զգալի աջակցություն կլինի իրենց ընտանիքներին:

«Լուսավոր սահման»-ն արդեն լուսավորել է Հայաստանի եւ Արցախի տասներկու գյուղերի տներ: Այս պահին հանգանակված գումարի չափը կազմում է մոտ 21մլն. 448 հազար ՀՀ դրամ, որով գնվել է մոտ 13735 լուսադիոդային (LED) լամպ եւ բազում ընտանիքներ այժմ խնայում են ամսական մինչեւ 4000 դրամ: Նախաձեռնության նպատակը Հայաստանի եւ Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթեւացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները:

Նախաձեռնությունը բոլորին  կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետեւյալ հղումով:

 

Տպել
Ամենաշատ