News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանում ԱՄՆ դեսպանությունն անդրադարձել է հինգշաբթի օրը դեսպանատան դիմաց տեղի ունեցած բողոքի սակավամարդ ակցիային, որի մասնակիցները իրենց բողոքն էին հայտնում ԱՄՆ պաշտպանության նախարարության կողմից ֆինանսավորվող գործող բիոլոգիական լաբորատորիաների դեմ։

ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Երեկ թերեւս լրատվական թողարկումներից տեղեկացել եք, որ մենք հարցում ենք ստացել ՀՀ առողջապահության եւ գյուղատնտեսության նախարարությունների լաբորատորիաների մասին: Բազմաթիվ ասեկոսեներ են շրջանառվում, ուստի թափանցիկության ոգով մենք կցանկանայինք ներկայացնել փաստերը:

Գիտենք, որ մերօրյա գլոբալ եւ փոխկապակցված աշխարհում հիվանդությունները սահմաններ չեն ճանաչում: Դա է պատճառը, որ մենք բոլորս պետք է համատեղենք մեր ջանքերը` թույլ չտալու կենսաբանական վտանգների տարածումը:

Նորագույն սարքավորումներով հագեցած եւ միջազգային ամենաբարձր ստանդարտներին բավարարող այս վերակառուցված եւ նորակառույց հաստատությունները, որտեղ ընթացքի մեջ են նաեւ լաբորատոր անձնակազմի ուսուցումները, կտրուկ մեծացրել են երկրում հիվանդությունների բռնկումները բացահայտելու, ախտորոշելու ու արձանագրելու կարողությունները:

Այս աշխատանքները, որպես վտանգավոր ախտածինների դեմ պայքարի քայլեր, նպաստավոր են ոչ միայն Հայաստանի ապահովության համար, այլ նաեւ տարածաշրջանի, Միացյալ Նահանգների եւ ողջ աշխարհի համար:

ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Պաշտպանական վտանգի նվազեցման գործակալությունը (ՊՎՆԳ) ՀՀ կառավարության հետ գործակցում է 2000թ.-ից, երբ ստորագրվեց զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարելու մասին համաձայնագիրը: Կենսաբանական վտանգներին հակազդելու ոլորտում ՀՀ-ի հետ մենք գործակցել ենք 2010թ.-ից, երբ մեր կառավարությունները ստորագրեցին իրականացման համաձայնագիր կենսաբանական զենքերի մշակման նպատակով կիրառելի տեխնոլոգիաների, ախտածինների եւ փորձառության տարածումը կանխելու ոլորտում:

Լաբորատորիաները ՀՀ նախարարությունների հաշվեկշռում են եւ նախարարություններն ունեն այս կառույցները գործարկելու հրամաններ, արարողակարգեր եւ անհրաժեշտ պատրաստվածություն ունեցող տեղացի կադրեր: Այս հաստատությունները ռազմական նպատակներ չունեն եւ նրանցում չի աշխատում զինվորական անձնակազմ: ՊՎՆԳ-ը վերանորոգել է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը, որը ծայրահեղ վատ պայմաններում էր եւ չէր համապատասխանում կենսաապահովության եւ կենսաանվտանգության կամ սեյսմիկ ստանդարտներին. այժմ այն համապատասխանում է այդ ստանդարտներին: Հարեւանությամբ ՊՎՆԳ-ը կառուցել է Գյուղատնտեսության նախարարության կենտրոնական լաբորատորիան, քանի որ մեր հիմնական առաքելություններից մեկը Հայասանում առկա անվտանգության առումով մտահոգիչ բոլոր ախտածինները մեկ վայրում հավաքելն էր, որպեսզի մեծացվի կենսաանվտանգությունն ու կենսապահովությունն ախտածինների պահման վայրի շրջակայքում: Հուսով եք, որ այս տեղեկությունները վերջ կդնեն շրջանառվող ստահոդ պնդումներին»։

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին մի խումբ երիտասարդներ ԱՄՆ դեսպանատան մոտ բողոքի ակցիա էին անցկացնում՝ «Հանուն օրենքի» հասարակական շարժման նախաձեռնությամբ: Մասնակիցները հանդես եկան հայտարարությամբ Հայաստանում գործող բիոլոգիական լաբորատորիաների վերաբերյալ, որոնք ֆինանսավորվում են ԱՄՆ Պաշտպանության նախարարության կողմից: Նշենք, որ «Հանուն օրենքի» շարժման անդամները հայտնի են արեւմտյան երկրների դեսպանատների դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելով եւ համարվում են պրոռուսական միավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ