Ուկրաինայի կառավարության համակարգիչները վարակվել են դրամաշորթ վիրուսով։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է վարչապետ Պավել Ռոզենկոն, փոխանցում է Meduza-ն։
Նրա մամուլի քարտուղար Ելենա Գոլյուկը հրապարակել է իր էկրանի լուսանկարը, որում երեւում է 300 դոլարի չափով փրկագնի պահանջը՝ տվյալների արգելաբացման դիմաց։
Դրամաշորթ վիրուսի աշխատանքի մասին ավելի վաղ հայտնել էին ուկրաինական բանկերն ու էներգետիկ ընկերությունները։ Վիրուսով վարակվել էին կիեւյան մետրոպոլիտենի տերմինալները։
Հաքերային հարձակումների մասին է հայտնել նաեւ Բորիսպոլ օդանավակայանի գլխավոր տնօրեն Պավել Ռյաբիկինը։ Նրա խոսքով չի աշխատում նաեւ օդավակայանի կայքը ու չվերթների գրանցման էկրանը։ Ռյաբիկինը խափանումների պատճառ է անվանել սպամ հարձակումը, հայտնի չէ՝ արդյոք հաքերների այդ գործողությունները կապակցված են դրամաշորթ վիրուսի հետ։
Նախօրեին հայտնի է դարձել Ուկրաինայում դրամաշորթ վիրուսի տարածման մասին, որը վերծանում է Windows-ով կառավարվող համակարգիչների տվյալները ու պահանջում է փրկագին՝ տվյալների ագելաբացման համար։ Տուժած ընկերություններից են «Կիեւէներգոն» Օշչադբանկը, «Նովայա պոչտա» փոստի ընկերությունը։ Տեղեկություններ կան նաեւ բենզալցակայանների ցանցերից շատերի անաշխատունակության մասին։