News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հստակ ընդգծված այտոսկրեր, բաց ճակատ, շիտակ հայացք. դեմքին գրված է կամային բնավորությունը։ Բնավորություն, որն ավելի ու ավելի հաճախ են նմանեցնում հոր բնավորությանը: Ի դեպ՝ հենց նրան է համարում իր գլխավոր ուսուցիչը: Մարդու, որը ճիշտ պահին նրան ասել է կարևորը. ազնիվ եղի՛ր ինքդ քեզ հետ եւ գնա՛ քո ճանապարհով: Ոչ թե շահի կամ փառքի համար, այլ համոզմունքի:

Այսպես, 2003 թվականին, երբ պետք էր որոշում կայացնել մասնագիտության հարցում, Անի Գալստյանն ընդունվում է Ճարտարապետների միությանը կից «Ճարտարապետություն եւ Արվեստ» ստուդիա, 2005-ին՝ Գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման ֆակուլտետ:

NEWS.am-ը զրուցել է նկարչուհու հետ։

Սկսել եմ նկարել 3 տարեկանից: Մանկուց տիկնիկների փոխարեն իմ խաղալիքն ու զբաղմունքը դարձան թուղթը, մատիտը, ջրաներկը: Հայրս ուներ մի փոքր սենյակ-արհեստանոց, որտեղ գտնվելն ինձ համար տարերք էր, ուրախություն: Միախառնված էին և՛ ֆոտոարվեստը, և՛ գեղարվեստը, և՛ մասնագիտական գրականությունը:

Շատ ուսուցիչներ եմ ունեցել, որոնց հարգում եմ, լսում նրանց խորհուրդները: Բայց լավագույնը եղել եւ մնում է հայրս: Նա ինձ ազատություն է տվել՝ ընտրելու իմը եւ անելու այն, ինչ սիրում եմ:

Մի օր ինքս ինձ հետ պայքարի մեջ էի մտել: Մտածում էի՝ ինչի՞ս է պետք նկարչությունը: Այն ինձ ֆինանսապես չի ապահովում, զուտ զբաղմունք է՝ առանց հեռանկարի: Որոշեցի զենքերս վայր դնել: Հավաքեցի բոլոր նյութերս, պահեցի աչքից հեռու: Բայց դա երկար չտեւեց: Այն զգացողությունը, որ էլ չեմ նկարելու, սարսափելի էր: Արվեստն ի սկզբանե իմն էր, իմ մեջ: Երեւի դա էր այդ որոշիչ պահը, երբ հասկացա, որ նկարչությունն իմն է:

Օրս սկսվում է դառը սուրճից: Հստակ պլան երբեք չունեմ: Օրվա մի մասն անցկացնում եմ աշակերտներիս հետ, նկարչություն եմ դասավանդում, որ պահին ժամանակ եւ մուսա լինում է՝ նկարում եմ: Մուսան հստակ ժամանակ չունի, ազատ է, ես պետք է հարմարվեմ նրան:

Ես երբեք չեմ նկարում առանց երաժշտության: Եթե նույնիսկ երաժշտություն լսելու հնարավորություն չկա, ինքս եմ երգում:

Ձախլիկ եմ: Այդ գենը մայրիկիցս եմ ժառանգել: Գրում եմ աջով, բայց նկարում եմ միմիայն ձախով: Մեկ-մեկ փորձում եմ էքսպերիմենտներ անել. միաժամանակ նկարում եմ երկու ձեռքով կամ ձախով գրում եմ հայելապատկերային:

Շատ հազվադեպ եմ ինքնանկար անում: Դա էլ որոշ չափով ինքնավերլուծություն է: Նկարում եմ՝ հայելու մեջ նայելով։ Սկսում եմ հայացքիցս: Կարեւոր չէ՝ ինձ նման կստացվի, թե ոչ, կարեւորը՝ նկարելուց հետո բավարարված ինձ զգամ:

Գրաֆիկան ինձ ավելի է գրավում: Կա մինիմալ գույն, մաքսիմալ ասելիք: Շեշտը դրվում է այն բանի վրա, թե ինչ եմ ուզում հասցնել հանրությանը, ինչ կա իմ ներսում, ինչն է ինձ հուզել, տպավորել, ազդել այնքան, որ վերածել եմ արվեստի:

Սիրում եմ օգտագործել կապույտի, կանաչի, օքրայի երանգները: Դրանք միշտ ներկա են իմ ներկապնակում. հողի, ջրի, ծաղկունքի գույներ են: Դրանք օգտագործում եմ՝ առանց նախապես մտածելու:

Նկարներս նախ ցուցադրում եմ ընտանիքիս անդամներին, այն ընկերներիս, ովքեր առողջ քննադատում են եւ, կարեւորը, չեն հիասթափեցնում:

Հերոսներիս մեծ մասը դեմք չունի: Թերեւս չեմ ուզում շեշտադրել դեմքը: Երբեք իրական բնորդից չեմ նկարում: Ամեն ինչ իմ երեւակայության արդյունքն է։ Եթե սկսեմ անձնավորել՝ դեմք նկարել, առեղծվածային կերպարներն ավելի իրական կդառնան։

Ուզում եմ իմ նկարներում բացահայտել կնոջը, ցույց տալ նրան իմ տեսակետից՝ իր զգացողություններով, ապրումներով: Տղամարդիկ այդքանը հազիվ թե տեսեն, մենք նրանց համար միշտ կմնանք առեղծված: Իմ երեւակայական բնորդներն աշխարհի կանայք են, նրանց ներքին ազատությունն եմ պատկերում, ամեն մեկին իր պատմությամբ, կինը՝ կին-տղամարդ հարաբերություններում, կինը՝ միայնակ, կինը՝ թախծոտ, կինը՝ ազատատենչ, վեր եմ հանում նրա թաքուն կրքերն ու հույզերը:

Ես սիրում եմ իմ աշխատանքները: Թող անհամեստ չհնչի, բայց այդպես է: Իհարկե՝ ունեմ սիրած նկարներ, եւ դրանք միշտ աչքիս առջեւ են:

Լսում եմ բոլորի կարծիքները, անգամ այն մարդկանց, ովքեր չգիտեն՝ ինչ է արվեստը, ոչ մի գաղափար չունեն աբստրակտ նկարչությունից: Բայց, հնարավոր է, այնպիսի բան ասեն, որ դա նոր նկարի հիմք դառնա:

Ինձ համար լավագույններից լավագույն միշտ եղել եւ մնում է Օգյուստ Ռոդենը: Միշտ հիացել եմ նրա արվեստով, չնայած նա ոչ թե գեղանկարիչ է, այլ քանդակագործ: Նրա քանդակներում կա ազատություն, մտքից անցումը դեպի շոշափելի արվեստ: Ռոդենի գործերում նաեւ կիսատ վիճակ կա, որը թույլ է տալիս դիտողին շարունակել, ավարտել միտքը, շարժումն ու գաղափարը: 

Ստեղծագործողը՝ լինի երաժիշտ, թե՝ նկարիչ, ստեղծագործում է իր համար: Հետո այդ գործը պետք է ներկայացնի, բայց դա հարցի մյուս կողմն է՝ մեկնաբանել այնպես, որ ընդունվի եւ գոնե մասամբ ընկալվի դիտողի կողմից: Նույն Վան Գոգը ժամանակին չկարողացավ անել այն, ինչ անում են մեր ժամանակներում նրա արվեստը քարոզողները: Մի այլ օրինակ. Մալեւիչն իր «Սեւ քառակուսի»-ն մատուցեց, մեկնաբանեց, եւ հիմա մարդիկ այն ընդունում են որպես արվեստ, որպես գաղափար:

Արվեստի ոլորտի մենեջերների պակաս կա:

Սիրածս զբաղմունքներից է ուսումնասիրել մարդկանց ներաշխարհը, նրանց արտաքինը: Ամենից շատ ինձ գրավում են մարդկանց աչքերը, հայացքը: Աչքերն ամբողջացնում են մարդուն, միաձուլում նրա ներաշխարհն ու արտաքինը:

Հունից դուրս եմ գալիս, երբ նկարելիս խանգարում են ինձ, երբ իրենց կյանքը թողած՝ քննարկում եւ իբր իմ խնդիրների լուծումներ են գտնում։

Ամենաշատը վախենում եմ հավատալ, որ մի օր այս ամենը կարող է ավարտվել կամ կյանքիս հունը փոխվել: Բայց աշխատում եմ չկենտրոնանալ նման բացասական մտքերի ուղղությամբ: Մտքերն իրականանալու հատկություն ունեն:

Եթե մի պահ կանգ առնենք, մի կողմ թողնենք մտքերը, թե աշխարհը շատ չար ու դաժան է, կգտնենք ավելին, քան տեսնում ենք:

Ես այն եմ, ինչ կամ: Մեկի համար՝ նկարիչ, մյուսի համար՝ պարզապես Անի: Ես այդ երկուսի միախառնումն եմ եւ չեմ սիրում, երբ այդ երկուսին տարանջատում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ