News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) հուլիսի 10-ին հրապարակել է ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Զեկույցում մատնանշված են մի շարք թերացումներ եւ խախտումներ:

Իր նախնական եզրակացություններում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն արդեն իսկ մատնանշել էր ընտրկաշառքների ինչպես նաեւ քաղծառայողների ու մասնավոր ընկերությունների աշխատողների նկատմամբ ճնշումների մասին արժանահավատ տեղեկությունների բացասական ազդեցությունը ընտրությունների վրա: Վերջնական զեկույցը մատնանշում է մի շարք խնդիրներ, նշում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Արձանագրված խնդիրների մի մասը, ըստ զեկույցի, հակասում են ԵԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորություններին եւ Եվրոպայի խորհրդի չափանիշներին:

Այսպիսով, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը առանձնացրել է հետեւյալ խնդիրները՝

Վարչարարություն՝

  • Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի վերաբերյալ զեկույցը նշում է, որ ԿԸՀ-ն պատշաճ կերպով չի դիտարկել բողոքները:
  • Վարչական դատարանը մերժել է ներկայացված բոլոր բողոքները բացառապես ֆորմալ պատճառաբանություններով:
  • Բավարար ջանքեր չեն գործադրվել հանրությանը բարդ ընտրակարգի մասին իրազեկելու ուղղությամբ: Հանրությանը պատշաճ չի բացատրվել, թե ինչպես են քվեները վերածվելու պատգամավորական մանդատների:
  • ԿԸՀ-ն մերժել է միջազգային ՀԿ-ներին ընտրությունները դիտարկելու հրավերներ ուղարկելու հարցում, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի առաջ ստանձնած պարտավորություններին:

Քարոզարշավ՝

  • Քարոզչական արշավների մեծ մասը կենտրոնացել էին անհատ թեկնածուների եւ ոչ թե քաղաքական հարթակների եւ քաղաքականության վրա:
  • Բռնության առանձին դեպքեր են արձանագրվել նախընտրական քարոզարշավի ժամանակ:
  • Տարբեր քաղաքական ուժերի միջեւ բանավեճերի բացակայությունը սահմանափակել է ընտրողներին հասանելի տեղեկատվությունը՝ իրազեկված ընտրություն կատարելու համար:
  • Որոշ կուսակցությունների կողմից ընտրակաշառքի բաժանման եւ հօգուտ իրենց քվեարկելու համար պետական ծառայողների, այդ թվում բժշկական ու կրթական հաստատությունների աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու եւ ահաբեկելու մասին հավաստի տեղեկությունները հանգեցրեցին ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահության ընդհանուր նվազմանը, ինչպես նաեւ մտավախություններ են առաջացրել ընտրողների ազատ կամարտահայտման իրավունքի իրացման կապակցությամբ՝ ԵԱՀԿ պարտավորություններին համապատասխան:

Հեռուստատեսություններ՝

  • Հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով, ինչը հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության եւ կառավարությանը քննադատող հաղորդումների, ապա՝ քաջալերմանը՝ ներառյալ Հանրային հեռուստատեսությամբ:
  • Մշտադիտարկված հեռարձակվող լրատվամիջոցներից Արմենիա հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ գրեթե երկակի ավելի լրատվական լուսաբանում ՀՀԿ-ին եւ Կոնգրես-ՀԺԿ-ին (19 եւ 21 տոկոս, համապատասխանաբար): Կենտրոն հեռուստատեսությունը տրամադրել է այլ մասնակիցների համեմատ զգալիորեն ավելի լրատվական լուսաբանում (18 տոկոս) Ծառուկյան դաշինքին: Շանթ հեռուստատեսությունը լրատվական լուսաբանման 20 տոկոսը տրամադրել է ՀՀԿ-ին, մինչդեռ մնացածներին հատկացրել է 7-12 տոկոս: Երկիր մեդիան տրամադրել է ՀՅԴ-ին իր լրատվական լուսաբանման 25 տոկոսը՝ մյուսներին թողնելով 6-13 տոկոս:
  • Թեեւ մշտադիտարկված բոլոր հեռուստատեսությունների լրատվական լուսաբանման 98 տոկոսը չեզոք կամ դրական տոնայնությամբ է, պաշտոնական քարոզարշավին նախորդող՝ փետրվարի 24-ից մինչեւ մարտի 4-ը ընկած ժամանակահատվածի մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս մշտադիտարկված հեռուստատեսությունների հստակ կողմնակալությունը ի օգուտ այդ հեռուստատեսությունների վերաբերյալ հանրային ընկալման մեջ եղած կուսակցական առնչությունների:
  • Ռեկոմենդացիաների մասին առաքելությունը նաեւ արձանագրել է խնդիրներ ԶԼՄ-ների մոնիտորինգի չափանիշների եւ հանրության կողմից ԶԼՄ-ների իրական սեփականատերերի անուններն իմանալու հետ:

Ընտրողների վրա ազդեցություն՝

  • ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զրուցակիցների համաձայն՝ հանրության շրջանում առկա է ընտրախախտումների մասին հայտնելու դժկամություն, ինչը պայմանավորված է բողոքների քննման մեխանիզմի արդյունավետության նկատմամբ վստահության բացակայությամբ:
  • ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաեւ արժանահավատ հաղորդումներ է ստացել ընտրողների, հատկապես մասնավոր եւ պետական հատվածի աշխատողների հանդեպ ճնշումների գործադրման եւ ահաբեկման մասին: Մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ներկայացրել է ձայնագրություններ, համաձայն որոնց 114 դպրոցների տնօրեններ ընդունում են, որ պատրաստել են ՀՀԿ-ին աջակցող ուսուցիչների եւ աշակերտների ծնողների ցուցակներ:
  • Ձայներ գնելու, ընտրողների վրա ճնշումներ եւ բռնություններ գործադրելու լայնատարած մեղադրանքները բացասական ազդեցություն են թողել քարոզարշավի վրա եւ խնդրահարույց են դարձրել ընտրողների կարողությունը՝ քվեարկել ազատորեն, չվախենալով հաշվեհարդարից, որը հակասում է ԵԱՀԿ Կոպենհագենի 1990 թվականի փաստաթղթի7 կետին:

Քվեարկության օրը՝

  • ԵԱՀԿ դիտորդների կողմից ընտրական գործընթացը բացասական է գնահատվել դիտարկումներից 12 տոկոսում, ինչը զգալի թիվ է:
  • Ընտրատեղամասերի մի զգալի մասը (69 %) հասանելի չէր հաշմանդամություն ունեցող անձանց համար:
  • Բազմաթիվ տեղամասերում եղել են կուտակումներ եւ լարվածություն:
  • Ընտրությունների օրը արձանագրվել են խմբով քվեարկելու դեպքեր, ինչպես նաեւ ընտրողների վրա ազդելու փորձեր:
  • Տեղամասերում նկատվել են կուտակումներ, ինչպես նաեւ միջամտություններ ոստիկանության եւ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից:
  • Տեսանկարահանող սարքերով մշտադիտարկումը ցույց է տվել, որ տեխնիկական խնդիրների պատճառով որոշ ընտրատեղամասերից հեռարձակումը բացակայում էր, հատկապես առավոտյան ժամերին:
  • Խորհուրդ տալով միջոցներ ձեռնարկել հետագայում քվեարկության գաղտնիության բարձրացման համար՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը փաստացի նաեւ արձանագրել է քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ:
  • Քվեարկության ընթացքում, հաշվարկի ժամանակ եւ անգամ տարածքային ընտրական հանձնաժողովներում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները նկատել են գտնվելու իրավունք չունեցող անձանց:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացնելով առաջարկներ «Հայաստանում հետագա ընտրությունները ԵԱՀԿ-ի հանձնարարականներին, միջազգային պարտավորություններին ու ժողովրդավարական ընտրությունների ստանդարտներին բերելու» համար, ըստ էության, փաստում է, որ 2017 թվականի Ազգային ժողովի ընտրությունները չէին համապատասխանում Ժողովրդավարական ստանդարտներին, միջազգային պարտավորություններին եւ ԵԱՀԿ-ի հանձնարարականներին:

Ընտրությունների որակի ընդհանուր որեւէ այլ գնահատական միջազգային այս կառույցի զեկույցում չկա, ինչը թերեւս պայմանավորված է նրանով, որ կառույցը զգույշ է իր հայտարարություններում եւ սահմանափակվում է դիվանագիտական ձեւակերպումներով:

Հավելենք, որ զեկույցում արձանագրված խնդիրները համարյա չեն տարբերվում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի զեկույցում մատնանշված խնդիրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ