News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե քաղաքական կամք լինի, նոր ստեղծվող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, իհարկե, արդյունավետ կաշխատի, իսկ եթե քաղաքական կամք չլինի, դա միջոցների ավելորդ ծախս է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ հավելելով, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ օրենսդրական փոփոխություններով եւ տարբեր կառավարական խորհուրդներ ձեւավորելով՝ հնարավոր չէ պայքարել, եթե չլինի քաղաքական կամք:

Նրա խոսքով, իրենց կազմակերպության վերջին տվյալներով, որը վերաբերում է 2016 թվականին, կոռուպցիայի ընկալման համաթիվը ցույց է տալիս, որ առաջընթաց չի արձանագրվել:

«Եթե 2016-ի ցուցանիշները համեմատում ենք նախորդ տարվա հետ, ընդհանուր առմամբ ոչ լավացել է, ոչ վատացել, լճացման վիճակ է: Իսկ եթե նայում ենք 3-4 տարվա կտրվածքով, որոշակի վատացում կոռուպցիայի ընկալման համաթվով մենք տեսնում ենք: Դա իհարկե, կոռուպցիայի մակարդակ չի նշանակում, բայց, իհարկե, կորելացված է կոռուպցիայի իրավիճակի հետ: Այսինքն եթե ընկալումը վատանում է, նշանակում է վիճակը վատանում է»,-ընդգծեց Հոկտանյանը:

Դիտարկմանը, թե վերջին շրջանում դատավորների ու դատախազների են կալանավորում, դատում, դա կարո՞ղ է համարվել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց, թե ավելի շատ ցուցադրական բնույթ ունեն, Վարուժան Հոկտանյանն արձագանքեց. «Ցուցադրական կամ ոչ ցուցադրականը պարզ կլինի միայն կոռուպցիայի ընկալման փոփոխությամբ պայմանավորված: Ընկալումից ավելի լավ չափման ցուցիչ դեռ չի հայտնաբերվել իրավիճակը հասկանալու համար: Եթե երեւա, որ ընկալումը լավացել է, ուրեմն մի բան փոխվել է: Հիմա շատ շուտ է որեւէ բան ասել: Ընդ որում, հենց կալանավորում են մի դատավորի կամ դատախազի, դրանից վիճակը միանգամից չի լավանում: Վրաստանում տարիներ պետք եղան, որպեսզի ընկալումը փոխվեր, դա էլ բերեր դրական տեղաշարժերի: Այսինքն դժվար է ասսել, թե դա ինչի կբերի: Իմ սուբյեկտիվ ընկալմամբ, իրավիճակի փոփոխություն չեմ տեսնում»:

Հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ իշխանությունները կոչ են անում հասարակությանը անհանդուրժող լինել կոռուպցիայի հանդեպ, հայտնել նման դեպքերի մասին, արդյոք դրանով իշխանությունը կոռուպցիայի մեղքը անուղղակիորեն չի բարդում հասարակության վրա, Հոկտանյանը պատասխանեց. «Եթե ես Աշոտյանը լինեի կամ որեւէ այլ պաշտոնատար անձ, ՀՀԿ-ի կարկառուն ներկայացուցիչ, ձեզնից կնեղանայի այդ հարցի համար: Իրականում նորմալ եւ լուրջ պայքարը սկսվում է վերեւներից, դա է ցույց տալիս նաեւ Վրաստանի օրինակը: Այսինքն երբ իրենք են սկսում անհանդուրժող լինել կոռուպցիայի նկատմամբ, որոշ ժամանակ հետո այդ մտայնությունը տարածվում է նաեւ հասարակության մեջ: Իսկ հանդուրժո՞ղ են մեր իշխանությունները կոռուպցիայի նկատմամբ, ինձ թվում է՝ հանդուրժող են: Ոչ միայն հանդուրժող են, այլեւ իրենք էլ բավականին ակտիվորեն ներքաշված են դրա մեջ»:

Նա կարծում է, որ կոռուպցիայի ոլորտում Հայաստանում լճացում է. «2003-ից ի վեր, երբ սկսեցինք հրապարակվել կոռուպցիայի ընկալման համաթիվը, որեւէ առաջընթաց չի գրանցվել: Կարող ենք մեզ մխիթարել, որ հետընթաց էլ չի եղել, բայց երբ նայում ենք մակարդակը, այնքան էլ ուրախանալու առիթ չկա: Օրինակ Իսլանդիայում էլ հետընթաց կամ առաջընթաց չի եղել, բայց նրանք շատ ավելի լավ վիճակում են գտնվում: Մեր ստաբիլ վիճակը ավելի շուտ լճացում է նշանակում, քան կայուն եւ դրական զարգացում»:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում, Հոկտանյանը նկատեց. «Քանի դեռ մենք կիսանախագահական համակարգ ունենք, առայժմ ինքը չէ թիվ մեկ դեմքը: Բայց կարծես թե, նա փորձում է ներդրումների միջոցով աշխուժացնել տնտեսությունը, եւ որոշակի տնտեսական բարեփոխումներով ազդել կոռուպցիայի մակարդակի վրա: Կոռուպցիայիի վիճակը բխում է նաեւ տնտեսության վիճակից ու մոնոպոլիզացված, քրեական կառուցվածքից: Քաղաքական ու տնտեսական վերնախավերի սերտաճումն ինքնին արդեն ծնում է համակարգային կոռուպցիա: Վարչապետը, կարծեք թե, փորձում է ներդրումներով աշխուժացնել տնտեսության վիճակը եւ տնտեսական վիճակի բարելավումով ազդել կոռուպցիայի նվազման վրա»:

Նշենք, որ Հայաստանի Կոռուպցիայի  ընկալման համաթիվը 2016 թվականին 33 է եղել, իսկ 2015 թ-ին՝ 35, այսինքն երկու կետով վատթարացել է:

Տպել
Ամենաշատ