HBO մալուխային ալիքը 250 հազար դոլար է առաջարկել հաքերներին, որոնք փրկագին են պահանջում այդ թվում «Գահերի խաղը» հեռուստասերիալի մասին գողացված տվյալների համար ՝ որպես «պարգեւատրություն ծրագրային ապահովման մեջ հայտնաբերված խոցելիությունների համար»։ Այս մասին հայտնում է Hollywood Reporter-ը։
Ավելի վաղ հայտնել էին, որ հաքերները համացանցում հրապարակել են հղում ալիքի ներքին փաստաթղթերին, այդ թվում «Գահերի խաղը» սերիալի այդ պահին դեռ չցուցադրված նոր դրվագի սցենարին ու ղեկավարներից մեկի անձնական նամակագրությանը։ Ալիքը հաստատել է, որ տեղի է ունեցել հարձակում ու միանգամից սկսել է հետաքննել միջադեպը։ Հետագայում հայտնի է դարձել, որ հաքերները առեւանգել են «ընկերության հազարավոր ներքին գործածման փաստաթղթեր»։ Հետո հաքերները համացանցում հրապարակել են սերիալի բոլոր դերասանների հեռախոսահամարները, տան հասցեները ու էլեկտրոնային փոստի հասցեները։