News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հրապարակել է կրոնի ազատության մասին 2016-ի տարեկան զեկույցը, որտեղ Վրաստանին վերաբերող հատվածում անդրադարձ կա նաեւ հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմին, եկեղեցու հետեւորդների թվաքանակին, գրում է aliq.ge-ն:

Հենվելով 2014 թվականին Վրաստանում անցկացված մարդահամարի տվյալների վրա, պետքարտուղարության հրապարակած փաստաթղթում նշվում է, որ երկրի բնակչության 83,4 %-ը վրաց ուղղափառ եկեղեցու հետեւորդ է, շուրջ 11 տոկոսի է հասնում Վրաստանի մահմեդական բնակչությունը, իսկ հայ առաքելական եկեղեցու անդամների թվաքանակը ընդհանուր բնակչության 2.9 տոկոսն է կազմում: Մնացած կրոնական ուղղություններն ու հարանվանությունները, այդ թվում` հրեաները, եզդիները, հույները, կաթոլիկները, ռուսներն ու այլոք միասին վերցրած` Վրաստանի ընդհանուր բնակչության ընդամենը 3 տոկոսն են կազմում:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ 2014 թվականին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունված օրենքին, որի համաձայն՝ երկրի մի քանի կրոնական կազմակերպությունների ֆինանսական փոխհատուցում է տրամադրվում Խորհրդային շրջանում պատճառված «բարոյական եւ նյութական» վնասի դիմաց:

Նշվում է, որ 2016 թվականին Վրաստանի մահմեդական, հրեական, կաթոլիկ եւ հայ առաքելական համայնքները պետական բյուջեից 4.5 մլն լարիի (1.7 միլիոն ԱՄՆ դոլար) փոխհատուցում են ստացել: Նշված գումարի մեծ մասը` շուրջ 1 մլն ԱՄՆ դոլար բաժին է հասել մահմեդական համայնքին: Երկրորդ տեղում է հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը` 300 հազար ԱՄՆ դոլարով:

ԱՄՆ-ի պետքարտուղարության զեկույցի` «կառավարության քաղաքականություն» հատվածում նշվում է, որ Վրաստանում ամերիկյան դեսպանության աշխատակիցները պարբերաբար հանդիպել են երկրի սուննի եւ շիա մահմեդական համայնքների, ինչպես նաեւ Վիրահայոց թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչների հետ:

Կրոնի ազատության մասին տարեկան զեկույցի վերջին մասում, մասնավորապես նշված է, որ կրոնական համայնքների հետ հանդիպումների ընթացքում ամերիկացի դիվանագետները հորդորել են պահպանել միջկրոնական հանդուրժողականության, երկխոսության, փոխադարձ հարգանքի եւ հանդուրժողականության մթնոլորտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ