News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Իսրայելում Հայաստանի PR-ի շուրջ աշխատանքներ պետք է տարվեն։ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց նախկին պատգամավոր, քաղաքագետ, Իսրայել-Հայաստան հասարակական միջազգային ֆորումի համանախագահ Ալեքսանդր Ցինկերը։ Հիշեցնենք, որ օրերս Երեւան էր ժամանել Իսրայելի Կնեսետի պատվիրակությունը, եւ կայացել էր Ֆորումի երրորդ նիստը։

Խոսելով այն մասին, թե ինչ է վերջին ժամանակներում արվել հարաբերությունների զարգացման համար, Ալեքսանդր Ցինկերն առաջի հերթին մատնանշել է ուղիղ ավիահաղորդակցության բացումը։ «Մայիսից ուղիղ չվերթներ կան։ Հիմնականում ինքնաթիռները լիքն են։ Հույս ունեմ, որ աշնանը չվերթները կշարունակվեն»,-նշեց նա՝ հավելելով, որ հարաբերություններում առաջընթաց է գրանցվել ոչ միայն միջպետական, այլեւ հասարակական մակարդակում։

Ֆորումի համանախագահի խոսքով՝ ջանքեր են գործադրվում  Իսրայելի ռադիոյով հայերեն հաղորդում թողարկելու ուղղությամբ, համագործակցության տարբեր ուղղություններ են որոնում։ «Վերջերս հարեւան երկրի մամուլում սկսել են հրապարակումներ հայտնվել այն մասին, որ Հայաստանի եւ Իսրայելի հարաբերություններում ակտիվացում չկա։ Որքան շատ են նման հոդվածները, այնքան ակտիվացումն ավելի շատ է։ Ես ուրախ եմ, որ դա այդպես է ազդում»,-նկատեց Ցինկերը՝ նշելով, որ երկու տարում հարաբերությունները բոլոր մակարդակներում ակտիվացել են։

«Երկկողմանի զբոսաշրջությունը զարգանում է։ Երկու ամիս առաջ իսրայելցի լրագրողները Հայաստան այցելեցին եւ շատ լավ տպավորություններով հայրենիք վերադարձան։ Լավագույն դիվանագիտությունը ժողովրդականն է։ Մարդիկ կայցելեն, կպատմեն։ Իսրայելում դա աշխատում է»,-նկատեց քաղաքագետը։

Դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչը Երեւանում Իսրայելի դեսպանատուն բացվելու հնարավորությանը կասկածանքով է մոտենում։ «Երբեմն զուտ ֆինանսական խնդիրներ են»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը եւս Իսրայելում դեսպանատուն չունի։ «Դա քաղաքական խնդիր չէ։ Դեսպանատներ առաջին հերթին բացում են այնտեղ, որտեղ մեծ են տնտեսական շահը կամ միգրացիայի ալիքները։ Այդ հարցում ես այնքան էլ լավատես չեմ։ Ժամանակ է պահանջվում»,-նշեց Ալեքսանդր Ցինկերը՝ հավելելով, որ կողմերն ավելի շատ պետք է ուշադրություն դարձնեն վիզային ռեժիմը չեղարկելուն։ «Դա կխթաներ զբոսաշրջությունը»,-հիշեցրեց համանախագահը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ