News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ռեժիմը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի կազմակերպմամբ կրկին անգամ նենգափոխում եւ չարաշահում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Այս մասին նշված է «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության ուղերձում՝ ուղղված Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին:

Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Արժեւորելով եւ բարձր գնահատելով  Հայաստան-Սփյուռք անքակտելի կապը, Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ահազանգում է. Հայաստանի Հանրապետության իշխանությունը զավթած ռեժիմը Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի կազմակերպմամբ կրկին անգամ նենգափոխում եւ չարաշահում է Հայաստան-Սփյուռք հարաբերությունները: Ռեժիմը ոչ միայն չի բավարարվում Սփյուռքի ռեսուրսները խաբեությամբ մսխելով, այլ նաեւ ամեն գնով աշխատում է ստեղծել պատրանք, որ իբր Սփյուռքը սատարում է իր գործունեությունը։

Հատկապես հեգնական է հնչում համաժողովի ընտրված վերնագիրը՝ «փոխադարձ վստահություն»: Սփյուռքը վաղուց դադարել է վստահել ներկայիս իշխող վարչակարգին, ելնելով այդ վստահության չարաշահման անցյալի դառը փորձից: Սփյուռքը Հայաստանի իշխանությանը վերաբերվում է որպես կոռուպցիայի մեջ թաղված, ապազգային վարչակազմ, որի հետ Սփյուռքը պարզապես համակերպվում է, հույս ունենալով, որ ապագայում իրավիճակը կբարելավվի։

Սակայն ցանկացած Հայաստան-Սփյուռք ձեռնարկ ապարդյուն է եւ ինքնանպատակ, եթե այն չի առնչվում Հայաստանի ամենահրատապ մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ՀՀ ինքնիշխանության դեմ սպառնալիքները, համատարած կոռուպցիան, արտագաղթը, Արցախի անվտանգությունը եւ Հայաստանի հետ վերամիավորումը: Այս եւ նման կարեւոր այլ հարցեր բացակայում են համահայկական համաժողովի օրակարգից, հետեւաբար վերածելով այն ձեւականության եւ կարեւոր ռեսուրսների վատնման։

Սերժ Սարգսյանի ռեժիմը ի զորու չէ լուծել որեւէ քաղաքական կամ տնտեսական խնդիր, քանի որ այն չունի ինքնիշխան որոշումներ կայացնելու ունակություն: Ավելին, հենց ինքը ռեժիմը իր կործանարար գործունեությամբ վերածվել է համազգային գերխնդրի, որը հրատապ լուծում է պահանջում։

Հայաստանի քաղաքացիները զրկված են ղեկավար ընտրելու իրական հնարավորությունից, եւ հետեւաբար չունեն լեգիտիմորեն լիազորված մարմին, որն իրավասու կլիներ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները պատշաճ մակարդակով եւ բովանդակությամբ կարգավորելու։ Մյուս կողմից, Սփյուռքը նույնպես համաժողովում լիարժեք ներկայացված չէ, քանի որ չկա Սփյուռքը ամբողջովին ներկայացնող մարմին: Այնտեղ հրավիրված են միայն կազմակերպություններ ու անձինք, ովքեր ցանկալի են ռեժիմի համար եւ նրա կործանարար գործունեության նկատմամբ աչք են փակում:

Հետեւաբար՝ Հայաստան-Սփյուռք վեցերորդ համահայկական համաժողովի որոշումները չեն ներկայացնում ոչ Հայաստանի քաղաքացիների եւ ոչ էլ Սփյուռքի դիրքորոշումը եւ ցանկությունները:

Համաժողովը պարզապես գործիք է ռեժիմի ձեռքում՝ սփյուռքում իր դիրքերն ամրապնդելու եւ լեգիտիմության շղարշն ամրապնդելու համար: Ավելին, համագործակցելով ՀՀ վարչակազմի հետ Սփյուռքի ներկայացուցիչները անուղղակիորեն մասնակցում են Հայաստանի ինքնիշխան պետականության կործանմանը եւ գաղութացմանը:

Այդ պատճառով համաժողովի օրակարգը համարում ենք կեղծ, ապազգային եւ անօրինական, իսկ սփյուռքահայ մասնակիցներին կոչ ենք անում սթափվել, չդառնալ ռեժիմի գործիքը եւ իրենց ջանքերը ուղղել Հայաստանը ռեժիմից ազատագրելուն, գաղութացման դեմ պայքարին, Հայաստանի ժողովրդավարեցմանը եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վերականգնմանը»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ