News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի եւ համագործակցության նախարարության Եվրոպայի եւ Ամերիկաների հարցերով պետնախարար Ալեն Դանքնին:

Ողջունելով հյուրին մեր երկրում՝ Հանրապետության Նախագահը ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության հետ միջպետական հարաբերությունները խորացնելու հարցում: Սերժ Սարգսյանը նշել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիներին երկու երկրների միջեւ առկա համագործակցության ներուժը դեռեւս լիարժեք չի օգտագործվել: Ուրախությամբ արձանագրելով վերջին շրջանում հաճախակի դարձած փոխայցելություններն ու Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության աշխատանքը՝ Նախագահը հույս է հայտնել, որ այդ դինամիկան կպահպանվի, եւ հայ-բրիտանական միջպետական հարաբերությունները որակական նոր մակարդակի կբարձրանան:

Պետնախարար Ալեն Դանքնը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ Հանրապետության Նախագահին փոխանցելով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյի ողջույններն ու բարեմաղթանքները՝ վստահեցրել, որ Միացյալ Թագավորությունը եւս մեծ ցանկություն ունի զարգացնելու եւ ամրապնդելու Հայաստանի հետ հարաբերությունները: Ալեն Դանքնն ընդգծել է, որ իր երկիրը պատրաստակամ է օժանդակություն տրամադրելու Հայաստանի կառավարությանը՝ երկրի տնտեսության առաջնահերթություններից ելնելով այն օգտագործելու համար: Պետնախարար Դանքնը հույս է հայտնել, որ երկկողմ ջանքերով փոխգործակցությունը զարգացնելու արդյունքում կմեծանան առեւտրաշրջանառության ծավալները Հայաստանի եւ Միացյալ Թագավորության միջեւ: Նախարար Դանքնն ընդգծել է, որ Միացյալ Թագավորությունը բարձր է գնահատում Հայաստանում իրականացված սահմանադրական բարեփոխումները, որոնց մասին առիթ է ունեցել խոսել նաեւ Հայաստանի խորհրդարանում:

Նախագահ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է տարբեր ոլորտներում բարեփոխումները՝ ի շահ Հայաստանի պետականության ամրապնդման եւ զարգացման:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին, մտքեր փոխանակել տարածաշրջանային խնդիրների եւ մարտահրավերների շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ