News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւմտահայերենի բարգավաճման համար պետք է պարադիգմայի փոփոխություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է հայտնի լեզվաբան, Փարիզի արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ինստիտուտի հայագիտության ամբիոնի վարիչ Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը՝ խոսելով արեւմտահայերենի պահպանման հեռանկարների եւ զարգացման մասին:

Գիտնականի կարծիքով՝ աշխարհում գլոբալիզացիա է տեղի ունենում, բոլորը նույնն են ուտում, նույն ձեւ հագնվում են, եւ այս պայմաններում հոգեւորի կարիք ես ունենում, ինքնության պահպանման կարիք:

«Գուցե այստեղ՝ Հայաստանում, դուք դա չեք զգում, բայց մեզ մոտ՝ Արեւմուտքում, դա շատ սուր է զգացվում», - ասել է նա` ավելացնելով, որ արեւմտահայերենն այս պարագայում կարող է բուժման միջոց լինել:

Մասնագետը համաձայնել է, որ արեւմտահայերեն լեզվի կրողների ձուլման վտանգ կա: Բազմաթիվ երկրներում այս գործընթացն արդեն տեղի է ունենում, բացառությամբ Մերձավոր Արեւելքի երկրների, որտեղ արեւմտահայերենը դեռեւս տարբեր բնագավառների ամենօրյա հաղորդակցության լեզուն է:

Այնուամենայնիվ, կա մի սերունդ, որը ցանկանում է այս լեզվի բարգավաճումը:

«Ոչ որպես վերջին մոհիկան, մենք ցանկանում ենք լիարժեք լեզու ունենալ, որով կարող ենք արտահայտել մեր հույզերը, գաղափարները,  որում եւ մեր հայկական ինքնությունն է արտահայտվում, եւ արեւմտյան մշակույթին մեր պատկանելիությունը: 20-րդ դարի արեւմտահայ գրականությունն արդեն իր վրա կրում է այդ կնիքը: Սա հիմք է լեզվի բարգավաճման համար» - ասել է նա:

Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը հավելել է, որ լեզուն պահպանելու համար հարկավոր է ապահովել այդ լեզվով ստեղծագործող մարդկանց վճռկան քանակ: Այդ իմաստով ժամանակակից արեւմտահայ գրող Գրիգոր Պլտյանը նրանց համար մի յուրատեսակ փարոս է, քանի որ նրա ստեղծագործությունները շատ հայկական են եւ միեւնույն ժամանակ` ունիվերսալ, ազատ  նեղ, գաղութային մտածելակերպից:

Լեզվաբանը պատմել է, որ Գյուլբենկյան հիմնադրամը սկսել է հնգամյա ծրագիր, որի առաջնահերթությունը արեւմտահայերենի բարգավաճումն է: Ամռանն այս ծրագրի շրջանակներում տարբեր երկրների հայ երեխաների համար դպրոց էր բացվել: Նրանց ոչ ոք չէր ստիպում պարտադիր հայերեն խոսել, բայց երեխաների համար ազատ, ստեղծագործական մթնոլորտ էր ստեղծվել, իսկ երեխաները «երջանիկ էին խոսել իրենց լեզվով»:

«Կյանքը պետք է ցույց տա, որ արեւմտահայերենի կարիքը կա: Եվ մենք հավատում ու աշխատում ենք այս ուղղությամբ», - ասել է նա:

Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլոսը Երեւանում է, մասնակցելու հայ լեզվաբանության 11-րդ միջազգային գիտաժողովին (The XI International Conference on Armenian Linguistics, ICAL), որը մեկնարկել է հոկտեմբերի 2-ին:

Նրա խոսքով՝ ICAL գիտաժողովների շարքի սկիզբը դրվել է 1979 թվականին հայտնի լեզվաբան, հնդեվրոպական լեզվաբանության մասնագետ Ջոն Գրեպինի կողմից: Խորհրդային տարիներին գիտաժողովներն անցկացվում էին Հայաստանից դուրս եւ հայ լեզվաբանների մասնակցությունը հնարավոր չէր: Բայց 1999-ին՝ Անահիտ Տոնապետյանի կազմակերպած փարիզյան համաժողովին, Հայաստանի 22 մասնագետներ են մասնակցել: Երեւանում այս գիտաժողովը այսպիսի ներկայացուցչական մասշտաբով, ըստ էության, առաջին անգամ է տեղի է ունենում: Այն նվիրված է անցյալ տարի մահացած Գրեպինի հիշատակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ