News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգում է իրականացվել, որովհետեւ դրանք ռիսկային են, իսկ ռիսկային են, որովհետեւ այդպես է որոշել համակարգիչը՝ համապատասխան ծրագրային չափորոշիչների հիման վրա վերլուծության արդյունքում: Ըստ Վարդան Հարությունյանի՝ այդպես են որոշվում ընդհանրապես բոլոր ռիսկային ընկերությունները, որոնք էլ, ըստ այդմ, ենթարկվում են ստուգման:

Գագիկ Ծառուկյանի ձեռնարկություններում ստուգումների մասին տեղեկություն տարածվեց այն բանից հետո, երբ «Ծառուկյան» դաշինքի մի շարք պատգամավորներ կոշտ քննադատության ենթարկեցին կառավարության գործունեությունը, իսկ Ծառուկյանի դե ֆակտո ենթակա սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանն էլ կոշտ հայտարարություն արեց վարչապետ Կարեն Կարապետյանի մտերիմ, գործընկեր, հենարան հանդիսացող Սամվել Կարապետյանի հասցեին:

Տպավորություն ստեղծվեց, որ Կարեն Կարապետյանն այդպիսով արձագանքեց «Ծառուկյան» դաշինքի եւ Ծառուկյանի քննադատությանը՝ Գագիկ Ծառուկյանի ձեռնարկությունները դարձնելով ՊԵԿ թիրախ: Հատկապես, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն էլ համարվում է Կարեն Կարապետյանի թիմի մարդ, քանի որ այնտեղ է տեղափոխվել «Գազպրոմ-Արմենիայի» տնօրենի պաշտոնից, երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ:

Ի վերջո, ՊԵԿ-ը Հայաստանում մշտապես դիտարկվել է իբրեւ իշխանության քաղաքական գործիք, երբ այն բանեցնում են քաղաքական անհրաժեշտության դեպքում: Օրինակ՝ 2015 թվականի փետրվարին Սերժ Սարգսյանն ուղղակի հրապարակավ ցուցում տվեց ստուգել Գագիկ Ծառուկյանի հարկերը թաքցնելու մասին «օդում կախված» խոսակցությունները: Մի քանի օր անց Ծառուկյանն ու Սարգսյանը հաշտվեցին՝ Հովիկ Աբրահամյանի տանը, ի դեպ՝ Սամվել Կարապետյանի եւ Դաշնակցության ներկայությամբ: Դրանից հետո, իհարկե, պարզվեց, որ Ծառուկյանի հարկեր թաքցնելու մասին «օդում կախված» խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Եվ ահա, Գագիկ Ծառուկյանը կրկին ռիսկային է, եւ համենայնդեպս համակարգչով՝ նրա մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է: Իհարկե, հարց է՝ նա ռիսկային դարձավ Կարապետյաններին քննադատելո՞ւ պատճառով, թե՞ հակառակը՝ սկսեց քննադատել ռիսկային դառնալու պատճառով:

Տեղեկություն հրապարակվեց, որ Սերժ Սարգսյանն իր մոտ է կանչել սպորտի նախարարին ու նախատել, որ այդպիսի արտահայտություններ է թույլ տվել Սամվել Կարապետյանի հասցեին: Հետո եղավ տեղեկություն, որ Գագիկ Ծառուկյանն էլ կապվել է Սամվել Կարապետյանի հետ ու հարթել իրավիճակը: Այլ կերպ ասած՝ տեղի է ունեցել յուրօրինակ նոր հաշտություն: Ընդ որում՝ հետաքրքիր է, որ այս անգամ առանց Հովիկ Աբրահամյանի եւ Դաշնակցության՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան, Սամվել Կարապետյան «թեմատիկ» ֆորմատով:

Ի՞նչ ժամկետի համար է այդ հաշտությունը, եւ ե՞րբ ու ո՞ւմ համար է նորից «կանչելու կկուն», այսինքն՝ համակարգիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Այսօր առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, փակվում են...
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել (թարմացվող, ֆոտո)
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
Ամենաշատ