News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Վրաստանի հայկական դպրոցները 4 տարի ընդմիջումից հետո ստացան հայոց լեզվի եւ գրականության նոր դասագրքեր, հաղորդում է Jnews.ge-ն:

Վրաստանի Կրթության եւ գիտության նախարարության եւ Հայաստանի Սփյուռքի նախարարության բանակցությունների արդյունքում Վրաստանի հայկական դպրոցների աշակերտները այսուհետ կսովորեն նոր դասագրքերով: Նոր ուսումնական տարվա սկզբին Վրաստանի ԿԳ նախարարությունը Հայաստանից ստացել է առաջինից մինչեւ իններորդ դասարանների աշակերտների համար: Ընդհանուր առմամբ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը 19 017 կտոր գիրք է ուղարկել:

Ինչպես տեղեկացանք Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնից, շրջանի 65 դպրոցներին անվճար բաժանվել է դպրոցական դասագրքեր, այդ թվում եւ նոր հայկական գրքեր: Ախալքալաքը ստացել է հայոց լեզվի եւ գրականության նոր 8 738 կտոր գիրք:

«Ուսումնական տարվա սկզբում ԿԳ նախարարությունից ստացանք նամակ, որ հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր են ստացել Հայաստանից: Հիմա արդեն դասագրքերը բաժանվել է աշակերտներին, բոլոր դպրոցներին անխտիր, ըստ անհրաժեշտ քանակի բաժանվել է: Տեղեկանում էինք դպրոցներից, որ գրքերը վատ վիճակում են եւ անհրաժեշտ են նոր դասագրքեր, հետեւաբար այդ պրոբլեմային հարցը նույնպես լուծվեց», – ասաց Ախալքալաքի Կրթական ռեսուրս կենտրոնի ղեկավար Թերեզա Չիվչյանը:

2013 թվականից այս կողմ Ջավախքի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականության դասագրքերով չէին համալրվել: Վերջին անգամ Վրաստանի հայկական դպրոցները հայոց լեզվի եւ գրականության դասագրքեր ստացել էին 2015 թվականի դեկտեմբերին, որոնք, ինչպես ավելի ուշ պարզվեց, չէր համապատասխանում ուսումնական ծրագրին, այդ իսկ պատճառով էլ չբաժանվեց աշակերտներին: Այդ ժամանակ Հայաստանի Սփյուռքի նախարարությունը 5 265 դասագիրք էր ուղարկել Վրաստանի հայկական դպրոցների աշակերտներին:

Հավելենք, որ 2009-2013 թթ. ՀՀ ԿԳ նախարարության կողմից Վրաստանի հայկական դպրոցներին տրամադրվել է 61 522 կտոր գրականություն: Համաձայն հետեւյալ բախշման՝ 2009–2010 թթ. ուսումնական տարում 32 060 կտոր, 2011 թվականին՝ 7 138, 2012 թվականին՝ 7 569 եւ 2013 թվականին՝ 14 755 կտոր ուսումնական գրականություն:

Ախալքալաքի շրջանում կա 65 դպրոց, որից 55-ը հայկական է, 7-ը՝ վրացական, 1-ը՝ ռուսական եւ 2-ը խառը` հայ-վրացական ուսուցմամբ: Այդ դպրոցներում ընդհանուր սովորում է 7176 աշակերտ:

Մինչեւ 2017-2018 ուսումնական տարին Վրաստանի հայկական դպրոցների աշակերտները սովորում էին ահա այսպիսի մաշվածությամբ դասագրքերով:

Տպել
Ամենաշատ