News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Քննչական մարմինները մինչդատական վարույթի շարժիչ ուժն են, իսկ Քննչական կոմիտեի դերակատարումն այստեղ առաջնայիններից մեկն է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Քննչական կոմիտեի կոլեգիայի հանդիսավոր նիստի ժամանակ իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա վստահություն հայտնեց, որ այդպես է լինելու նաեւ վաղը, պետական մարմինների փոփոխված հարաբերակցության պայմաններում:

«Ձեր գործունեությունից ապագայում ակնկալիքներն այսօրվանից պակաս չեն լինելու: Իմ հորդորն է ձեզ, որ ծառայության մեջ միշտ լինեք անաչառ, սկզբունքային եւ հաստատակամ: Միայն այդ դեպքում կարող եք վստահ լինել, որ ձեր գործն արդար է, քանի որ միտված է երկրում իրավակարգի պահպանությանը: Միաժամանակ հիշե՛ք, որ դուք նպաստում եք նաեւ իրավունքի գերակայության ամրապնդմանը:

Ձեր պարտականությունները չեն կարող կատարվել մարդու իրավունքների եւ ազատությունների չարդարացված սահմանափակումների հաշվին: Պետության կողմից մեկ շահի պաշտպանությունը մյուսը ոտնահարելու միջոցով ապրիորի վնասակար է եւ երբեւէ որեւէ օգուտ տալ չի կարող: Նման երեւույթն անարդարություն ծնող հիմնական պատճառներից մեկն է:

Անշուշտ, իրավապահ համակարգում առկա անարդարության պատճառները չպետք է փնտրել միայն քննչական մարմիններում: Բայց չեմ կարող դրանց գոնե մի մասը չտեսնել հենց այստեղ: Անարդար քննիչն անարդար դատախազից պակաս վնասաբեր չէ, քանի որ նրա կանխակալ կամ անփույթ գործողություններն ու որոշումները հաճախ կարող են հանգեցնել ծանր, երբեմն նաեւ՝ անդառնալի հետեւանքների:

Կարծում եմ՝ այս արատին հաջողությամբ դիմագրավելու բանաձեւը միմյանց հետ շաղկապված երկու երեւույթների համաժամանակյա ապահովումն է: Առաջին. մեր քննիչի հավաքական կերպարը պետք է լինի ազնիվ, բարեխիղճ եւ պատասխանատու պրոֆեսիոնալը, ով գիտակցում է իր առաքելության իմաստը: Երկրորդ. մեր քննչական մարմինները պետք է կոռուպցիոն դրսեւորումների եւ տնավարության դեմ պայքարում լինեն անողոք: Ընդ որում, կոռուպցիոն դրսեւորումներ՝ չի նշանակում միայն դրամական շահ հետապնդել. ծանոթ, բարեկամ, քավորի միջնորդությունները, միգուցե, ավելի վատ դրսեւորումներ են, քան, երբ մարդն ունի կոնկրետ շահ: Խնդրում եմ, սա հաշվի առնել:

Որեւէ համակարգի ներսում նման երեւույթների դեմ պայքարն առաջին հերթին հենց տվյալ համակարգի առողջության վկայությունն է: Դուք կարող եք եւ պետք է անաչառ եւ ազնիվ գնահատեք աշխատանքում թերացած ծառայողի վարքագիծը՝ դրանով իսկ փարատելով համակարգում թողտվության վերաբերյալ հնարավոր կասկածները: Օրենսդրությամբ դրա համար ձեզ տրամադրվել են բոլոր անհրաժեշտ գործիքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ