Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանն այսօր՝ հոկտեմբերի 10–ին, Երեւանի էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում միջնորդություն ներկայացրեց իր խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, սակայն մեղադրող կողմը առարկեց՝ հիմնավորելով Ղուկասյանին առաջադրված մեղադրանքների ռիսկերով։ Ըստ դատախազի՝ ազատության մեջ գտնվելով Անդրիաս Ղուկասյանը կարող է խուսափել քննությունից եւ խոչընդոտել դատաքննության ընթացքին։ Դատավոր Վարդան Գրիգորյանը լսելով կողմերի հիմնավորումները՝ հեռացավ միջնորդությունը քննարկելու։ Նա նշեց, որ որոշում կայացնելու համար հնարավոր է՝ անհրաժեշտ լինի եւս մի քանի օր։
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանը մեղադրվում է 2016 թվականի հուլիսի 29-ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։
Անդրիաս Ղուկասյանը չի ընդունում մեղադրանքները՝ պնդելով, որ իր արարքներում հանցակազմ չկա: Նա միջնորդել է որպես վկա հարցաքննության հրավիրել Եղիշե Պետրոսյանին եւ Լեւոն Բարսեղյանին: Նաեւ միջնորդել է տուժողների ցուցակից հանել Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, քանի որ նա այդ օրն այնտեղ չի եղել:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: