News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում Հանրապետության Նախագահը՝ համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների, Հայաստանի շենացմանն ու բարգավաճմանն ուղղված ազգանվեր գործունեության համար մեծանուն բարերարին հանձնել է Հայրենիքի շքանշանը:

Մինչ արարողությունը Սերժ Սարգսյանն ընդունել է Էդուարդո Էռնեկյանին եւ նրա հետ քննարկել Հայաստանում նոր ներդրումային ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր: Մեծանուն բարերարը պատրաստակամություն է հայտնել այդ ուղղությամբ հայրենիքում շարունակել իր գործունեությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տնտեսության համար առաջնահերթ նշանակություն ունեցող հեռանկարային մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի նախագծերը մշակելուց հետո ներկայացնել կառավարություն:

Հանրապետության Նախագահը Հայաստանի բարձրագույն կոչումը շնորհելու արարողության ժամանակ իր շնորհավորական խոսքում անդրադարձել է մեծանուն բարերարի անցած ուղուն եւ հայրենանվեր ձեռնարկումներին, բարձր գնահատել նրա գործունեությունը եւ վստահություն հայտնել, որ Էդուարդո Էռնեկյանը նույն եռանդով շարունակելու է իրականացնել այդ շնորհակալ աշխատանքը:

«Պարոն Էդուարդո Էռնեկյանին հատուկ ներկայացնելու կարիք չկա: Ոչ միայն Արգենտինայում, այլեւ աշխարհի տարբեր մայրցամաքներում պարոն Էռնեկյանը մեծ համբավ է վայելում` շնորհիվ այն լայնածավալ աշխատանքի, որ իրականացվում է նրա առաջնորդությամբ եւ ղեկավարությամբ: Դրանում անձամբ համոզվելու հնարավորություն ունեցա ոչ միայն Լատինական Ամերիկայում իմ պաշտոնական շրջագայությունների ժամանակ, այլ նաեւ եվրոպական մայրցամաքում տարբեր գործարարների եւ պաշտոնյաների հետ իմ հանդիպումների ընթացքում:

Պարոն Էռնեկյանը, սակայն, իր գործունեությունը դրանով բնավ չսահմանափակեց եւ որպես իսկական ու նվիրյալ հայ հաստատվեց նաեւ մայր Հայաստանում եւ ընդարձակ գործունեություն ծավալեց այստեղ: Առանձնահատուկ պետք է նշեմ, բայց հպանցիկ, որ մեծատաղանդ գործարարը նաեւ բարեհամբույր բարերար է, եւ չնայած այն հանգամանքին, որ նա չի խոսում իր կատարած բարեգործությունների մասին, թեեւ դա հենց այդպես էլ պետք է լինի, այնուհանդերձ, մենք գիտենք դրանց ծավալները, չափերը, գիտենք, որ դրանք կրում են շարունակական բնույթ:

Էդուարդո Էռնեկյանը եկավ Հայաստան եւ իր հետ բերեց գործարար նոր մշակույթ, որ համապատասխանում է համաշխարհային ամենաբարձր չափանիշներին: Կարող եմ խոստովանել, որ Հայաստան այցելած տարբեր պետական պաշտոնյաներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ մշտապես դրական են արտահայտվում մեր օդանավակայանում իրականացվող ծառայությունների մասին: Շատ կարեւոր է, որ մենք դրական արձագանքներ ունենք մեր քաղաքացիներից եւ ընդհանրապես Հայաստան այցելող յուրաքանչյուր մարդուց: Այն, որ մենք ունենք զբոսաշրջության աճ, կարծում եմ, այստեղ նաեւ նպաստող հանգամանք է «Զվարթնոց» օդանավակայանի լավ աշխատանքը: Բայց պարոն Էռնեկյանի գործունեությունը Հայաստանում միայն օդանավակայանով չսահմանափակվեց, եւ օդանավակայանում կատարած հսկայական աշխատանքին լրացնելու են գալիս տարբեր բրենդներ, տարբեր մեծածավալ աշխատանքներ՝ «Կոնվերս բանկը», «Հայփոստը», «Կարասը», այն հսկայական այգին, որ հիշեցնում է եվրոպական ամենաբարձր չափանիշներով մշակված մեծ հողակտոր:

Իհարկե, այս ցուցակն ամբողջական չէ, եւ պարոն Էռնեկյանի հետ ունեցած իմ հաճախակի զրույցներից գիտեմ, այսօր եւս այդ թեմայով խոսեցինք՝ նոր ներդրումների մասին, եւ ես պետության անունից, մեր կառավարության անունից այժմ հավաստիացնում եմ, պարո՛ն Էռնեկյան, որ մենք մշտապես պատրաստ ենք Ձեզ հետ քննարկելու ցանկացած ներդրումային ծրագիր, որովհետեւ գիտենք, որ Դուք միջավայրի կարիք առանձնապես չունեք, եւ շատ երկրներում ուրախ կլինեն Ձեզ լսելու, Ձեր ներդրումներից օգտվելու: Այնպես որ՝ մենք շատ լավ հասկանում եւ գիտակցում ենք, որ դա զուտ բիզնես չէ, սակայն զուգահեռաբար այն նաեւ բիզնես պետք է լինի, որպեսզի օրինակ լինի ուրիշների համար:

Պարո՛ն Էռնեկյան,

Սիրելի՛ հայրենակիցներ,

Էդուարդո Էռնեկյանին «Հայաստանի ազգային հերոս» բարձրագույն կոչումը շնորհելու մեջ ես շատ մեծ խորհուրդ եմ տեսնում: Այո՛, մենք համոզված ենք, որ Հայաստանը շենացնելը հերոսություն է: Այո՛, սփյուռքի ձեռնարկատերերի եւ Հայաստանի պետության միջեւ կարող են հաստատվել փոխշահավետ հարաբերություններ, եւ այս գործընկերային հարաբերությունը պարոն Էռնեկյանի հետ ուղղակի այդ օրինակներից մեկն է: Ես համոզված եմ, որ պարոն Էռնեկյանի հետ միասին ստեղծել ենք լավագույն հնարավոր համագործակցությունը, եւ այն իսկապես պետք է օրինակ դառնա սփյուռքի մեր բազմաթիվ հայրենակիցների համար:

Երիտասարդ զինծառայողների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ես ասել եմ, որ իսկական հրամանատարն այն հրամանատարը չէ, որ ասում է՝ առա՛ջ. իսկական հրամանատարն այն հրամանատարն է, որ ասում է՝ առա՛ջ իմ ետեւից: Հիմա պարոն Էռնեկյանը ոչ թե կոչ է անում ուրիշներին, որ պետք է Հայաստանում ներդրումներ, բարեգործություններ կատարել, այլ ուղղակի անձնական օրինակով ցույց է տալիս, թե դա ինչպես է պետք անել: Ես մեծ համոզվածություն ունեմ, որ պարոն Էռնեկյանը՝ որպես առաջամարտիկ, դեռեւս շատ երկար ժամանակ շարունակելու է նույն եռանդով իրականացնել այդ շնորհակալ գործունեությունը:

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ, պարո՛ն Էռնեկյան, Հայաստանի Հանրապետության հերոսի կոչմանն արժանանալու համար: Ես կարծում եմ, որ այս իրադարձությունը Հայաստանի եւ մեր ժողովրդի համար էլ է շատ կարեւոր իրադարձություն: Վստահ եմ, որ նաեւ անձնապես Ձեզ համար է կարեւոր իրադարձություն, որովհետեւ ճանաչման ավելի մեծ չափանիշ չկա, քան պետության բարձրագույն կոչումը: Ես համոզված եմ, որ հայ ժողովրդի ապագան փայլուն է, որովհետեւ մեր ժողովուրդն ունի բազմաթիվ տաղանդավոր զավակներ:

Ուրեմն փա՛ռք մեր ժողովրդին եւ փա՛ռք մեր հերոսներին»,- ասել է Հանրապետության Նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ