News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը


Փորձը ցույց է տալիս, որ երբ հայկականն ու արգենտինյանը միահյուսվում են, գերազանց արդյունք է ստացվում։ Այդ մասին ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված համերգին։

Ելույթը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի՛ պարոն դեսպան,

Հարգարժա՛ն հյուրեր,

Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինյան Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Մենք նշում ենք հարաբերությունների արծաթյա հոբելյանը արծաթի երկիր Արգենտինայի հետ:

Իհարկե մեր երկկողմ հարաբերությունները շատ ավելի երկար տարեգրություն ունեն, քան անցնող քառորդ դարն է: Առաջին հերթին դրանք պայմանավորված են Արգենտինայում հայկական նշանակալից ներկայությամբ: Արգենտինահայ հոծ համայնքի կորիզը կազմում են Հայոց Մեծ եղեռնը վերապրած մեր հայրենակիցները, ովքեր շուրջ հարյուր տարի առաջ ապաստան գտան Արգենտինայի հյուրընկալ ափերում: Արգենտինան առաջին պետություններից էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Անուրանալի է Հռոմի Սրբազան Քահայանապետ Ֆրանցիսկոսի ավանդը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում: Բայց հիշենք, որ դեռ կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն՝ ապագա Ֆրանցիսկոս պապը Բուենոս Այրեսում Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ համատեղ էկումենիկ պատարագի ժամանակ հայտարարեց. «մենք միասնական ենք 20-րդ դարի առաջին ցեղասպանության վշտի մեջ»։

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Այսօր մենք հպարտ ենք, որ մեր հայրենակիցները դարձել են Արգենտինայի արժանի զավակները, եւ ուրախ ենք, որ նրանք բազմաթիվ տեսանելի եւ աներեւույթ թելերով իրար են կապել Հայաստանն ու Արգենտինան, իրենց ծանրակշիռ ավանդն են բերել մեր երկրների միջեւ ջերմ բարեկամության եւ սերտ համագործակցության ավանդույթների կայացման մեջ:

Անցնող 25 տարիներին այս կուռ հիմքի վրա են խարխսվել ու զարգացել մեր երկու երկրների միջպետական հարաբերությունները: Արգենտինան եւ Հայաստանը միմյանց մայրաքաղաքներում բացել են իրենց առաջին տարածաշրջանային դեսպանությունները, տեղի են ունեցել ամենաբարձր մակարդակի փոխայցելություններ, ստորագրվել են բազմաթիվ միջպետական համաձայնագրեր, իրականացվում են ամենատարբեր ոլորտներին առնչվող ծրագրեր: Մենք արդյունավետորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում: Մարդկանց միջեւ շփումների համար պարարտ հող է ստեղծել Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ վիզային ռեժիմի ազատականացումը:

Չեմ կարող իհարկե չհիշատակել առեւտրատնտեսական համագործակցությունը, որի փայլուն խորհրդանիշն է դարձել արգենտինահայ նշանավոր գործարար, երկու երկրների արժանի զավակ Էդուարդո Էռնեկյանը: Հիմնականում նրա գործունեության շնորհիվ Արգենտինան Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալով առաջիններից մեկն է։ Իր ազգանվեր գործունեության համար պարոն Էռնեկյանը արժանացել է «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչմանը եւ այսօր Հանրապետության Նախագահը նրան է հանձնել «Հայրենիքի շքանշանը»։ Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ նրան հայտնել մեր ամենաջերմ շնորհավորանքները:

Անկասկած, հայ-արգենտինյան համագործակցությունը ընդլայնման մեծ ներուժ ունի, եւ համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի այն նոր մակարդակի բարձրացնել: Փորձը ցույց է տալիս, որ երբ հայկականն ու արգենտինյանը միահյուսվում են, գերազանց արդյուքն է ստացվում։ Դրա վառ օրինակներից է «Կարաս» գինին:

Շնորհակալ ենք մեր արգենտինացի բարեկամներին, ովքեր հնարավորություն են ընձեռել այսօր նշելու քսանհինգամյա հոբելյանը արգենտինյան ստեղծարար ոգու բացառիկ դրսեւորման խորհրդանիշ՝ Տանգոյի համերգով։

Սիրելի՛ բարեկամներ, շնորհավորում եմ Հայաստանի եւ Արգենտինայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ: Համոզված եմ, որ հայ-արգենտինյան կապերը շարունակվելու են զարգանալ բարեկամության ոգով՝ արձանագրելով բազմաթիվ նոր ձեռքբերումներ, որոնց մասին խոսվելու է մեր հարաբերությունների ոսկե, ադամանդե եւ հաջորդող բոլոր հոբելյաններին:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ