News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր Երեւանը դառնում է 2799 տարեկան:  Երբեմնի իսկապես համաժողովրդական տոնը, մեր մայրաքաղաքի մեծարման հանդեսը խամրել են, կորցրել իրենց համն ու հոտը` հար եւ նման այն կերպարանափոխությանը, ավելի ճիշտ կլինի ասել` ասպատակությանը, որին ենթարկվել է Երեւանն անցած տարիների ընթացքում:

Այսօր Երեւանի արժեւորումը կլինի բոլոր պաշտոնական ուղերձների, ելույթների գլխավոր առանցքը: Կլսենք գեղեցիկ ու սրտաճմլիկ ելույթներ, Երեւանին ու երեւանցուն արժեւորող հուզիչ ու պերճախոս բաժակաճառեր, որոնք, սակայն, ավելի տոնական չեն դարձնելու երեւանցիների տրամադրությունները: Երեւանն է փոխվել, աղճատվել, կորցրել իր քաղաքակրթական արժեքը, բովանդակությունը, բարոյական նկարագիրը: Երեւանն անճանաչելի է դարձել հենց այն մարդկանց ապաշնորհ, հանցավոր քաղաքականության հետեւանքով, ովքեր վաղը մեծարելու են դարերի հետագիծ ունեցող մեր մայրաքաղաքը, նշանավորելու են նրա հերթական տարեդարձը:

Նրանց գեղեցիկ խոսքերը որեւէ արժեք չունեն երեւանցիների, մեր հասարակության համար, որովհետեւ հնարավոր չէ ամբողջ տարին թալանել մայրաքաղաքը` նրա տարեդարձը դարձնելով մեկօրյա խրախճանքի առիթ: Հնարավոր չէ Երեւանը դարձնել կոռուպցիայի, իշխանության բեսպրեդելի, օլիգարխիայի գռեհիկ ուժի ցուցադրության խորհրդանիշ, եւ տարվա մեջ մեկ անգամ արժեւորել նրա քաղաքակրթական, մշակութային ժառանգությունը: Անհնար է Երեւանը դարձնել գավառական էլիտայի անզուսպ ախորժակի, քմահաճույքների զոհը, մայրաքաղաքին պարտադրել ռաբիս մշակույթ, հետո թաքնվել մեր Մեծերի խոսքերի, նրանց ժառանգության ստվերում: Անկարելի է ամեն օր նվաստացնել երեւանցուն եւ Էրեբունի-Երեւան տոնակատարությունների ժամանակ երկերեսանի ճառերով արժանին մատուցել նրան: Հնարավոր չէ ամեն օր թալանել երեւանցուն եւ դրա փշրանքներով սիրաշահել երեւանցուն:

Ժամանակին Էրեբունի-Երեւան տարեդարձը համազգային միասնության, պատմության եւ ապագայի ներդաշնակության խորհուրդ ուներ: Այսօրվա պալատական միջոցառումներն ավելի են երկատում, մասնատում Երեւանը` ոչնչացնելով մայրաքաղաքի քաղաքական, քաղաքակրթական, մշակութային, նույնիսկ աշխարհագրական միասնականությունը: Երեւանի տարեդարձը պետք է առիթ դառնար իշխանությունների եւ Երեւանցու երկխոսության, սոցիալական հասցեականություն ունեցող ծրագրերի իրականացման համար: Այսօրվա իրականության մեջ անկարելի է պատկերացնել սոցիալական նման երկխոսություն, հասարակական կոնսոլիդացիա, որովհետեւ երկրի եւ մայրաքաղաքի իշխանություններն ամրապնդվում են Երեւանը թալանելու, Երեւանը երեւանցուց օտարելու միջոցով:

Այսօր տոն է, որը խլվել է Երեւանից, երեւանցուց: Այսօրվա տոնականության ընդերքում իշխանության սահմաններ չճանաչող ցինիզմն է ու երեւանցու անդառնալի օտարումն իր սիրելի քաղաքից: Գավառական էլիտան զավթել է մայրաքաղաքը` տնվորի նվաստացուցիչ կարգավիճակում թողնելով երեւանցիներին: Այսօրվա միջոցառումներն անցկացվելու են «Երեւան՝ սիրո քաղաք» խորագրի ներքո: Դա այն Երեւանն է, որ կա մեր հիշողություններում եւ երազանքներում: Դա այն Երեւանն է, որը պետք է դառնա ոչ թե քրեաօլիգարխիայի խրախճանքի ցուցանակ, այլ մեր պայքարի նպատակ: Դա է այսօրվա տոնի իրական խորհուրդը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ