News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը Հայաստանում սննդամթերք արտադրող ընկերությունները պետք է փուլային՝ ըստ ոլորտների, ներդնեն վտանգի վերլուծության եւ հսկման կրիտիկական կետերի համակարգը՝ HACCP. այս որոշումը կառավարությունն ընդունել է դեռեւս 2015 թվականին:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՍԱՊԾ-ն քայլեր է ձեռնարկում՝ մեր տնտեսվարողներին ներկայացնելու սննդամթերքի արտադրության ոլորտում հնարավոր ռիսկերի կանխարգելմանն ուղղված այս համակարգի ներդրման անհրաժեշտությունն ու ընթացակարգերը՝ ապահովելով նաեւ մասնագիտական խորհրդատվություն:

 Այդ նպատակով՝ Ծառայության հրավերով Հայաստանում է «HACCP project» խորհրդատվական ընկերության տնօրեն Նիկիտա Չապայկինը, ով սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ հանդիպում-քննարկում է անցկացրել:

2018-ի հունվարի մեկից հայ տնտեսվարողների համար Մաքսային միության 021/2011 տեխնիկական կանոնակարգի 11-րդ հոդվածն արդեն պարտադիր կլինի, իսկ դրա 12 կետերից 7-ը HACCP համակարգի հիմնական սկզբունքներն են: Հաշվի առնելով այս փաստը՝ Նիկիտա Չապայկինը ներկայացրել է օրենսդրական պահանջները, բացատրել համակարգի ներդրման գործընթացն ու դրա կարեւորությունը:

 «Իրականում բարդ բան չկա, ոչ մի նոր պահանջ չի ավելացել. պետք է կատարել սանիտարահիգիենիկ նորմերով սահմանված պահանջները, ինչպես օրինակ՝ պայքարել կրծողների, միջատների դեմ եւ հետեւել HACCP 7 հիմնական սկզբունքներին (վտանգի աղբյուրների վերլուծություն, հսկման կրիտիկական կետերի հատկորոշում, կրիտիկական յուրաքանչյուր կետի համար կրիտիկական սահմանի որոշում, մոնիտորինգի համակարգի մշակում, ուղղիչ գործողությունների սահմանում, ստուգման ընթացակարգի սահմանում եւ փաստաթղթավորման եւ գրանցումների համակարգի ստեղծում)»,-ասում է Նիկիտա Չապայկինը:

Նիկիտա Չապայկինը նաեւ Ռուսաստանի փորձն է ներկայացրել. այնտեղ հաջողվել է գործընթացն իրականացնել երկու տարում: Բիզնեսի գործը չբարդացնելու համար, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ՝ Հայաստանում, համակարգի սերտիֆիկացումը կլինի կամավոր կերպով. կարեւոր է միայն որ տնտեսվարողը պահպանի որակի եւ անվտանգության բոլոր կանոնները:

HACCP համակարգն ապահովում է վերահսկողություն սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում, արտադրության գործընթացի ցանկացած կետում: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը համակարգի ներդրումը համարում է ոլորտի առաջնահերթությոններից մեկը, քանի որ այն հնարավորություն կտա շուկայում ունենալ առավել անվտանգ ու որակյալ սննունդ, ինչպես նաեւ՝ կմեծացնի հայկական արտադրանքի նկատմամբ վստահությունը միջազգային շուկայում:

Տպել
Ամենաշատ